11:01 | 26.02.20 | Նորություններ | 2395

«Օսկար-2020»-ի հայտնի ֆիլմերի անվանումներն օգտագործվել են վնասաբեր ծրագրերում

«Կասպերսկի» ընկերությունը վերլուծել է, թե ֆիշերները եւ վնասաբեր ծրագրերի հեղինակները որքան հաճախ են օգտագործել «Օսկար-2020»-ի անվանակարգված 9 ֆիլմերի անվանումները։

Ընդհանուր առմամբ, փորձագետներն աշխարհում հայտնաբերել են ավելի քան 20 ֆիշինգային կայք, որոնք օգտատերերին գայթակղում էին 2019թ. աղմուկ հանած պրեմիերաները դիտելու հնարավորությամբ, եւ այդ ֆիլմերի անվանումների հետ կապված 925 վնասաբեր ֆայլ (նիշք)։

Նորույթներն անվճար դիտելու առաջարկ անող ֆիշինգային կայքերի օգնությամբ չարագործները հավաքում էին օգտատերերի անձնական եւ ֆինանսական տվյալները։

Բացի այդ, փորձագետները հաշվարկել են երկու հետեւյալ պայմանների բավարարող վնասաբեր ֆայլերի քանակը. դրանք հայտնվել են տվյալ 9 ֆիլմերից յուրաքանչյուրի պաշտոնական պրեմիերաներին հետեւած չորս շաբաթների ընթացքում եւ ներառել դրանց անվանումները։ Պարզվել է, որ չարագործների շրջանում ամենամեծ ժողովրդականությունը վայելել է «Ջոկեր»-ը (304 վնասաբեր ֆայլ), «1917»-ը (215 վնասաբեր ֆայլ) եւ «Իռլանդացին» (179 վնասաբեր ֆայլ)։

«Չարագործները հետեւում են արդիական միտումներին, այդ թվում՝ նաեւ կինոինդուստրիայի։ Նրանք իրենց թակարդներն են դնում ինչպես աղմկոտ պրեմիերայից քիչ առաջ, այնպես էլ՝ դրանից անմիջապես հետո՝ հանդիսատեսի հետաքրքրության գագաթնակետին։ Հնարավոր ռիսկերից խուսափելու համար մենք կինո սիրողներին խորհուրդ ենք տալիս օգտվել միայն պաշտոնական սթրիմինգային հարթակներից»,- նշել է «Կասպերսկի» ընկերության հակավիրուսային փորձագետ Անտոն Իվանովը։

Ֆիլմի փոխարեն սարքեր վնասաբեր ծրագրեր չներբեռնելու համար օգտատերերին խորհուրդ է տրվում՝

ստուգել ֆիլմերի պրեմիերաների պաշտոնական ամսաթվերը եւ չվստահել ֆիլմը մինչեւ վարձույթ դուրս գալը դիտելու առաջարկներին;
մինչեւ ֆայլը ներբեռնելը ստուգել դրա ընդլայնումը. այն կարող է լինել .avi, .mkv կամ .mp4, բայց ոչ մի դեպքում .exe;
օգտագործել կիբեռսպառնալիքներից բազմակողմանի պաշտպանության հուսալի լուծումներ:a