10:59 | 14.02.20 | Նորություններ | 12687

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Դրեյփերի համալսարանում պետական կրթաթոշակով սովորելու համար հայտարարված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են:

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել ծրագրի՝ գարնանը համալսարանում ուսանելու հաղթողների ընտրության եզրափակիչ փուլը, որից հետո համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարության եւ Դրեյփերի համալսարանի միջեւ:

Նախարարությունից հայտնում են, որ Դրեյփերի համալսարանում սովորելու պետական կրթաթոշակ ստանալու համար ստացվել էր 109 հայտ, որոնցից 5-ը՝ ForestGuard, eSwap, Yolo, OORES, ForheFiction, արժանացել են հաղթողի կոչման:

Եվս 3 ծրագրի հեղինակ՝ Robin, Cerebrus, Garoon, ստացել են կրթաթոշակի մասնակի փոխհատուցում համալսարանի ներկայացուցիչների կողմից:


«Հայ ինժեներների պատասխանատվությունը կարեւոր առանձնահատկություն է. եթե հայերը մի բան ասում են, որ կանեն, ուրեմն՝ անում են: Եվ դա անում են ժամանակին եւ մեծագույն պատասխանատվությամբ: Սա կարեւոր, բացառիկ հատկանիշ է, որի մասին աշխարհում խոսում են, եւ խոսում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Դրեյփերի համալսարանի նախագահն է: Դա նշանակում է, որ շատ շատերը Հայաստանն ընտրելու են, որովհետեւ մենք պատասխանատու ենք»,- ասել է նախարար Հակոբ Արշակյանը:

Դրեյփերի համալսարանի նախագահ Ասրա Նադիմն էլ ասել է.

«Ես անչափ ուրախ եմ, որ մենք միասին ստեղծում ենք Հայաստանի եւ Սիլիկոնյան հովտի միջեւ այս կամուրջը՝ ոգեւորելու եւ ոգեշնչելու մարդկանց, որպեսզի հիմնեն ընկերություններ եւ զարգացնեն իրենց միջավայրը»:

Այս տարի Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի:

Մեկ այլ ծրագրով 30 հայ ձեռնարկատեր կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ ձեռնարկատիրական դասընթացների մասնակցելու: