17:15 | 13.02.20 | Նորություններ | 6382

«Արմաթ»-ը պաշտոնապես գնում է Հնդկաստան

«Արմաթ»-ի հայ խմբավարները, Հնդկաստանում «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման շրջանակում, մարտի 15-ին 1 ամսով կմեկնեն Հնդկաստանի Գուջարաթ շրջան՝ վերապատրաստելու տեղի պոտենցիալ խմբավարներին:

Այս մասին այսօր ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ լրագրողների հետ զրույցում:

«Ապա, երբ սկսվեն երեխաների հետ տարվող աշխատանքները, մոտ երկու-երեք ամսվա ընթացքում կլինի բացման պաշտոնական արարողությունը, որին ընդառաջ լաբորատորիաներում ներգրավված երեխաներն արդեն կունենան իրենց կողմից ստեղծված նախագծերն ու կցուցադրեն դրանք արարողությանը ներկա հյուրերին», - նշել է Կարեն Վարդանյանը։

Նա ընդգծել է միջազգային համագործակցության կարեւորությունը:

«Ունենալով բարձր ցուցանիշներ ու գրանցված հաջողություններ Հայաստանում՝ գնահատելի է, որ հիմա արդեն կարողանում ենք տեխնոլոգիական կրթության զարգացման մեր փորձը եւ տեսլականը կիսել այլ երկրների հետ եւ ունենալ մեր ներդրումն այլ երկրների համայնքային զարգացման, հավասար կրթության հնարավորություններ տրամադրելու առումով։ Նշանակալի փաստ է ու հպարտանալու առիթ մեզ համար, որ այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում, մասնավորապես՝ ԱՏՁՄ անդամ ընկերությունների, մեր գործընկերների շնորհիվ ու համագործակցությամբ», - նշել է Կարեն Վարդանյանը:

«BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար եւ սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահն էլ, անդրադառնալով Հնդկաստանում «Արմաթ»-ի տեղադրմանը, շեշտել է, որ այն կարող է օգնել հնդիկ երեխաներին ճիշտ մասնագիտական կողմնորոշման հարցում:

Նա շեշտել է, որ Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիայում երեխաներին հինգ ուղղությամբ են զինելու` ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն եւ անօդաչու թռչող սարքեր: