14:00 | 13.02.20 | Նորություններ | 5497

Mobile World Congress 2020-ը չի կայանա՝ կորոնավիրուսի տարածման ռիսկերի պատճառով

Տարվա խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկը համարվող Mobile World Congress (MWC)-ի կազմակերպիչները հայտարարել են Բարսելոնայում փետրվարի 24-27-ը կայանալիք ցուցահանդեսի չեղարկման մասին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկերի հետ:

Նշենք, որ միջոցառմանն ակնկալվում էր ավելի քան 100 հազար հյուր՝ աշխարհի 200 երկրից:

Օրեր առաջ պատմել էինք, որ կորոնավիրուսի տարածման ռիսկերը հաշվի առնելով, մի շարք հայտնի ընկերություններ հրաժարվել են մասնակցել Mobile World Congress-ին, այդ թվում՝ LG, Ericsson, Amazon, Nvidia եւ Sony ընկերությունները:

GSMA-ի գործադիր տնօրեն Ջոն Հոֆմանն այս համատեքստում օրեր առաջ նշել էր, որ չնայած նրան, որ որոշ խոշոր ընկերություններ որոշել են այս տարի չմասնակցել ցուցահանդեսին, իսկ մյուսները դեռ քննարկում են հետագա քայլերը, ցուցահանդեսը կկայանա ավելի քան 2800 ընկերությունների մասնակցությամբ:

Հատկանշական է, որ միջոցառումն առաջին անգամ է չեղարկվում՝ ցուցահանդեսի 33- ամյա պատմության ընթացքում: Ցուցահանդեսի խոշոր մասնակիցներն ամեն տարի միլիոնավոր դոլարներ են ծախսում տաղավարների վարձակալության եւ նորագույն լուծումների ներկայացման համար: