12:12 | 10.02.20 | Նորություններ | 9215

Ապրիլին ՀՀ-ում «Կանայք տվյալագիտության մեջ» խորագրով միջոցառումներ կանցկացվեն

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ)`դառնալով Սթենֆորդի համալսարանի կողմից անցկացվող  «Կանայք տվյալագիտության մեջ» (Women in Data Science) կոնֆերանսի գործընկեր, ապրիլի 25-ին Երեւանում եւ Աշտարակում կկազմակերպի WiDS Ashtarak եւ WiDS Yerevan միջոցառումները: 

«Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսն անցկացվում է 2015թ.-ից՝ աշխարհի 50 երկրի շուրջ 150 քաղաքում։

Երեւանում եւ Աշտարակում կայանալիք միջոցառումների մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու հայ եւ արտերկրի գիտնականների աշխատանքներին, մասնակցելու հետաքրքիր քննարկումների, ինչպես նաեւ կբացահայտեն Հայաստանում եւ աշխարհում տվյալագիտության կիրառելիությունը ամենատարբեր ոլորտներում՝ ներառյալ բիզնեսը, արդյունաբերությունը, ճարտարագիտությունը, քաղաքաշինությունը, բժշկությունը եւ այլն։

Հայաստանում ՁԻՀ-ի կողմից կազմակերպվող «Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսների դեսպանն է ՁԻՀ բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը։ Միջոցառումները կանցկացվեն Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ (ISTC)։
 
«Հայաստանում Լեհաստանի դեսպանատան օժանդակությամբ՝ 2019թ. նոյեմբերի 13-14-ը հայաստանյան պատվիրակության կազմում Վարշավայում մասնակցեցի Perspektywy Women in Tech Summit 2019 համաժողովին: Այնտեղ ծանոթացա WiDS կոնֆերանսի համահիմնադիր Մարգո Գերիտսենի հետ, ում հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց, որ ՁԻՀ-ը կարող է դառնալ WiDS-ի դեսպանը Հայաստանում»,- պատմել է Ամալյա Եղոյանը, հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքում նախատեսվում է ունենալ 100-ից ավելի մասնակից:  

«Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսի նպատակն է ուղղորդել կանանց դեպի տվյալագիտության ոլորտ: Ամալյա Եղոյանն ընդգծել է, որ կանանց ներգրավվածության ավելացումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նաեւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի առաքելություններից է: 

«Համոզված եմ, որ այս համագործակցությունը ոգեւորող խթան կհանդիսանա կանանց  համար՝ մասնակցելու տվյալագիտության ոլորտի դասընթացների եւ ծրագրերի: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել Աշտարակ քաղաքում միջոցառման անցկացման փաստը, քանի որ այն առանցքային է Հայաստանի տեխնոլոգիական ապակենտրոնացման եւ մարզային հզորացման գործընթացում»,- եզրափակել է Ամալյա Եղոյանը: