14:47 | 21.01.20 | Հարցազրույցներ | exclusive 316720

Optym-ի գործադիր տնօրեն. Հայաստանը հատուկ վայր է մեզ համար

Ընկերությունների համար խելացի լուծումների մշակմամբ զբաղվող Optym ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վիք Քելլերը հունվարի 17-ին ելույթ է ունեցել Երեւանում՝ «Ապրել եւ առաջնորդել՝ նպատակով. Կերտելով կայուն հաջողություն բիզնեսում» խորագրով:

Optym-ի մշակած օպտիմիզացիոն լուծումները նպաստում են գործառնական ծախսերի կրճատմանը, եկամտաբերության բարձրացմանը եւ ծառայությունների որակի բարելավմանը:

Վիք Քելլերը Երեւանում պատմել է վերջին 20 տարիների ընթացքում տասնյակ ընկերությունների ստեղծման փորձի, ինչպես նաեւ Optym Armenia-ի գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:

Itel.am-ը զրուցել է Վիք Քելլերի եւ Optym Armenia-ի գործադիր տնօրեն Արթուր Ղուլյանի հետ:

- Optym ընկերությունն աշխարհում 4 մասնաճյուղ ունի: Դրանից մեկը գործում է Հայաստանում եւ բացվել է 12 տարի առաջ: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս բացվեց Optym Armenia-ն:

Արթուր - Սկզբում Optym-ը եղել է հայկական ընկերություն, որն աշխատել եւ համագործակցել է մեր կենտրոնական գրասենյակի հետ: Հայկական ընկերությունը կատարել է աութսորս գործառույթ: Հետագայում, քանի որ աճում էր բիզնեսը, եւ նպատակն էր ոչ միայն ուղղակի աութսորսինգ կենտրոն ունենալը, այլեւ կադրեր աճեցնելը, ինչպես նաեւ ամբողջ փորձը Հայաստան բերելը, հայկական ընկերությունը դարձավ ամերիկյան Optym-ի մասնաճյուղ:

Վիք Քելլերը, Արթուր Ղուլյանը եւ Նարինե Դանեղյանը Վիք Քելլերը, Արթուր Ղուլյանը եւ Նարինե Դանեղյանը

- Կխնդրեմ ներկայացնել Ձեր տեսլականը ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեության եւ ապագայի մասին:

Վիք - Ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում: Սկզբում մեր գործունեությունը ծավալեցինք Հնդկաստանում եւ Հայաստանում, քանի որ ցանկանում էինք օգտվել այն տեխնիկական ներուժից եւ առկա համայնքից, որը հասանելի էր այդ երկու երկրներում: Ավստրալիայի դեպքում էլ, գրասենյակ բացելը պայմանավորված էր այնտեղ հաճախորդների առկայությամբ:

Մենք մեզ դիրքավորում ենք որպես գլոբալ բիզնես: Հայաստանում նախատեսում ենք ընդլայնել մեր բիզնեսը ՝ դեպի եվրոպական երկրներ:

Մոտ ապագայում մեր հայաստանյան մասնաճյուղը ոչ միայն կծառայի որպես հետազոտությունների եւ ծրագրերի իրականացման ռեսուրս, այլեւ կդառնա բիզնեսի շատ կարեւոր մաս եւ կօգնի մեզ ներկայանալ աշխարհի այլ տարածաշրջաններում: Հայաստանում ունենք հիանալի ղեկավար կազմ եւ թիմ, որն ամեն օր բարձրորակ աշխատանք է կատարում:

Ճիշտ է, Հայաստանը հենց Եվրոպայի կենտրոնում չէ, բայց մենք հաջողակ ենք այստեղ ունենալ բիզնես եւ սա մեզ համար հատուկ վայր է՝ հիանալի տեխնոլոգիական համայնքով: Վերջին մի քանի օրերի ընթացքում ես պատիվ ունեցա հանդիպել տեխնոլոգիական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ, եւ ակնհայտ է, որ Հայաստանը շատ ավելի մեծ ներուժ ունի, քան մինչ օրս տեսել ենք:

Արթուր - Optym Armenia-ն այսօր զարգացման եւ հետազոտական կենտրոն է: Ցանկանում ենք զարգանալ մի քանի ուղղություններով: Առաջինը՝ ցանկանում ենք Հայաստանում ստեղծել բիզնես կենտրոն, որը կկարողանա հաճախորդներ ունենալ ինչպես եվրոպական, այնպես էլ եվրասիական շուկայում: Մենք երկու տարածաշրջաններում էլ լավ դիրքավորված ենք եւ ունենք կապեր, հետեւաբար՝ Հայաստանը կարող է արդյունավետ աշխատել այդ շուկաների հետ:

Ունենք արդեն իրականացվող ծրագրեր ավիաընկերությունների հետ, ինչպես նաեւ հանքարդյունաբերության, բեռնափոխադրումների ոլորտներում: Սրանք այն պրոդուկտներն են, որոնք կազմակերպության համար շատ կարեւոր են, քանի որ շատ խոշոր ընկերություններ այսօր այդ լուծումների կարիքն ունեն:

- Պրն Քելլեր, Հայաստան ձեր այցի ընթացքում, տեղական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից բացի, տեղի լսարանի համար հանդես եկաք ելույթով: Պատմեք մի փոքր դրա մասին:

Վիք - Ես Հայաստանն եմ բացահայտում եւ Հայաստանն էլ ինձ է սկսում ճանաչել: Ելույթիս ընթացքում ներկայացրի իմ փորձը բիզնեսի ոլորտում, իսկ նպատակս ներկաներին իմ գործունեության մասին պատմելն էր:

Հայաստանում կան շատ բանիմաց մարդիկ եւ հույս ունեմ, որ այստեղ կգտնեմ շատ նոր ընկերներ եւ գործընկերներ, որոնք կօգնեն մեզ օգտագործել ոչ միայն Optym-ի, այլեւ իմ անձնական փորձը՝ նպաստելով մեր ընկերության զարգացմանն ու ընդարձակմանը:

- Ի՞նչ պարտադիր որակներ եւ արժեքներ պետք է ունենա մասնագետը ձեր ընկերությունում աշխատելու համար:

Արթուր - Մեզ համար աշխատանքի իդեալական թեկնածուն երկու կարեւոր բաղադրիչ պետք է ունենա: Առաջին հերթին կարեւոր են նրա մարդկային որակները: Այսօր մարդն ուժեղ է, երբ կարողանում է հաղորդակցվել, հասկանալ խնդիրները՝ թիմի հետ միասին: Կարեւոր է, որ նա կարողանա ինտեգրվել այդ թիմին: Երկրորդ հատկանիշն է կարողանալ հասկանալ իր առջեւ դրված առաջադրանքի բիզնես կողմը:

Ինչ վերաբերում է թիմն ընդլայնելուն, մենք չենք ցանկանում ուղղակի ռեսուրսային կենտրոն դառնալ: Ուզում ենք կենտրոնանալ մեր աշխատակիցների գիտելիքները զարգացնելու վրա, որպեսզի նրանք դառնան միջազգային որակի մասնագետներ եւ կարողանան հաջողությամբ լուծել տարբեր խնդիրներ:

- Պրն Քելլեր, Դուք ավելի քան 10 ընկերության հիմնադիր եք: Պատմեք զրոյից ընկերություն ստեղծելու եւ այն հաջողակ համաշխարհային բիզնես դարձնելու Ձեր փորձի մասին:

Վիք - Մեծամասամբ ես հաջողության եմ հասել շնորհիվ այն բանի, որ սովորել եմ մենթորներից եւ մարդիկ աջակցել են ինձ: Իմ հիմնադրած բիզնեսներն ամբողջովին կախված էին այն հիանալի մարդկանցից, որոնք աշխատում էին այդ ընկերություններում:

Իմ գլխավոր հետաքրքրությունը մարդիկ են: Իմ առաջին բիզնեսից սկսած՝ շատ ընկերների եմ աշխատանքի ընդունել, նրանք իսկապես քաջ էին, որ հետեւեցին ինձ եւ մենք հաջողեցինք:

Իմ խորհուրդը սկսնակ ձեռներեցներին այն է, որ կենտրոնանան լավ թիմ ստեղծելու վրա: Քանի որ ստեղծում եք բիզնես եւ թիմ, կենտրոնացե՛ք ճիշտ մարդկանց ճիշտ պաշտոններում նշանակելու վրա: Տաղանդավոր, ունակ եւ էներգիայով լեցուն մարդկանց թիմում ընդգրկելը վճռորոշ կարող է լինել:

Վիք Քելլերի եւ Արթուր Ղուլյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը