13:11 | 27.12.19 | Նորություններ | 4922
Դեկտեմբերի 18-ից 21-ը Մոսկվայում կայացել է «Կվանտորիադա» մանկական ինժեներական թիմերի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) ThreeSmart եւ Error404 թիմերը:
Ընտրական փուլին մասնակցության հայտ ներկայացրած ավելի քան 60,000 երեխաներից (Ռուսաստանի բոլոր շրջաններ եւ 15 արտասահմանյան երկրներ) եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստացել են 450-ը, որից 18-ը՝ Հայաստանից:
Threesmart եւ Error404 թիմերը եզրափակիչ փուլում ներկայացրել են իրենց նախագծերը «Бесшовный навигатор» եւ «Умная энергетика» ուղղություններում:
Threesmart թիմը ստեղծել է տարածքներում տեղակողմնորաշման NAVIO բազմաֆունկցիոնալ համակարգը: Մշակվել է բջջային հեռախոսների համար ծրագրային հավելված, որը պետք է ապահովի օգտատիրոջ անընդհատ տեղորոշումը բաց եւ փակ տարածքներում:
Error404 թիմի կողմից ստեղծվել է 40 Վտ մինիմալ հզորությամբ խելացի, այլընտրանքային էներգիայի սնման աղբյուրով էլեկտրակայանի մոդել:
Հայաստանյան 2 թիմերը հաջողությամբ հաղթահարել են եզրափակիչ փուլի առաջադրանքները եւ ճանաչվել են հաղթող «Умная энергетика» եւ «Бесшовный навигатор» անվանակարգերում:
«ThreeSmart» թիմը երիտասարդ ժյուրիի կողմից արժանացել է նաեւ լավագույն թիմ մրցանակին:
Մանկական ինժեներական թիմերի «Կվանտորիադա» միջազգային մրցույթը նախատեսված է բոլոր այն երեխաների եւ պատանիների համար, որոնք հետաքրքրվում են ստեղծագործ ինժեներությամբ եւ գյուտարարությամբ՝ Ռուսաստանում եւ այլ երկրներում: Առաջադրանքների կատարումը մասնակիցներից պահանջում է իրական ինժեներական եւ գիտահետազոտական հմտություններ, լայն միջառարկայական գիտելիքներ եւ ստեղծագործ մոտեցում:
Սա ոչ ավանդական օլիմպիադա կամ մրցույթ է. աշխատանքն իրականացվում է նախագծային ֆորմատով, իսկ հաղթող են ճանաչվում բոլոր այն թիմերը, որոնք կարողանում են լուծել ուղղություններում առաջադրված խնդիրները: