11:50 | 26.12.19 | Նորություններ | 4249
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 25-ին ընդունել են «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 2019թ. հաղթողներին:
«Հիմնական առաջնահերթությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի տաղանդների վերադարձն է, որովհետեւ նրանք գալիս են այստեղ, իրենց միտքն իրագործում՝ ստեղծելով հարյուրավոր աշխատատեղեր։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեծ հավելյալ արժեք է ստեղծում, ինչպես նաեւ մեծ ազդեցություն է ունենում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման վրա՝ ազդելով տարբեր մասնագիտության տեր մարդկանց ներգաղթի վրա»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։
Նախարարը կարեւորել է յուրաքանչյուր մասնակցի անհատական ջանքը՝ իրենց ընկերների, բարեկամների, ծանոթների շրջանում ներկայացնելու «Ներուժ» ծրագիրը, որպեսզի նրանք եւս գան Հայաստան, մասնակցեն ծրագրին, հաստատվեն Հայաստանում:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ «Ներուժ» ծրագրի մասնակիցների միջեւ մրցակցությունը թեժ էր, եւ անհրաժեշտ էր մեծ ջանք գործադրել՝ հաղթողի կոչմանն արժանանալու համար:
Այս տարվա «Ներուժ» ծրագրով մրցույթում հաղթած ստարտափները 6-ն էին՝ գաղափարի փուլում գտնվող եւ արդեն շուկա դուրս բերելու պատրաստ պրոդուկտ կամ ծառայություն ունեցող՝ առաջինից երրորդ մրցանակակիր: Ըստ այդմ, գաղափարի մակարդակում գտնվող երեք հաղթող ստարտափներն են «Marathon», «eBin», «SoFetch», իսկ շուկա դուրս գալու պատրաստ առաջինից երրորդ մրցանակի արժանացած ստարտափներն են՝ «Schedex» «Garoon Tech» եւ «Fact industries»: