11:47 | 24.12.19 | Նորություններ | 3441

Huawei-ը Google-ին այլընտրանք է ստեղծում

Huawei-ը հայտարարել է YouTube-ի, Gmail-ի եւ Google-ի այլ ծառայությունների այլընտրանք ստեղծելու մտադրության մասին:

Economic Times-ի հաղորդմամբ, նոր ծառայությունների ստեղծմանը կմասնակցեն Հնդկաստանի ծրագրավորողները:

Huawei-ի եւ Honor-ի հնդկական մասնաճյուղերի գլխավոր տնօրեն Չարլզ Պենգը նշել է, որ Honor-ը բանակցություններ է վարում Հնդկաստանում 150 տարածված հավելվածների մշակողների հետ` նրանց իր հարթակ բերելու եւ Google-ին փոխարինող լուծումներ ստեղծելու նպատակով:

Huawei կորպորացիան մտադիր է համագործակցել ոչ միայն Հնդկաստանի, այլեւ եվրոպացի մասնագետների հետ:

Դեկտեմբերի 19-ին Huawei-ը հաստատեց, որ ընկերության հաջորդ սմարթֆոնին Google-ի ծառայություններն ինտեգրված չեն լինի: Դեկտեմբերի 10-ին էլ ընկերությունը հրաժարվեց HarmonyOS օպերացիոն համակարգի հիմքի վրա սմարթֆոն գործարկելու պլաններից, նշելով, որ սեփական օպերացիոն համակարգով առաջին սարքը կգործարկվի 2020թ. օգոստոսին:

Նշենք, որ չինական կորպորացիան լիցենզիայի բացակայության պատճառով չի կարող օգտագործել Google-ի ծառայություններն իր սմարթֆոններում՝ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնվելու արդյունքում: