15:42 | 12.12.19 | Նորություններ | 8505
Beeline-ը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարել են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան եւ ապագան» նախագծի մեկնարկը, որի նպատակն է կոդավորման արտաժամյա դասընթացների միջոցով զարգացնել աշակերտների թվային եւ այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական եւ վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը եւ համագործակցային աշխատանքը:
ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում երեւանյան երեք ավագ դպրոցում կներդրվեն Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումները, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր եւ արդյունավետ: Սարքավորումների հետ կտրամադրվեն նաեւ դասավանդման եւ ուսումնառության համապատասխան ռեսուրսներ:
«Կոդավորումը ծրագրավորման հիմքն է, մի մասնագիտության, որն այսօր մեծ պահանջարկ ունի աշխատաշուկայում: Այն կարող է լավ աշխատանք եւ եկամուտ ապահովել ու օգտակար է նույնիսկ այլ մասնագիտություններ ունեցող մարդկանց համար: Ուստի մենք շատ ուրախ ենք մեր կորպորատիվ պատասխանատվության շրջանակում համագործակցել Բրիտանական խորհրդի հետ եւ հայ երիտասարդներին այս հիանալի մեթոդով տալ այս շատ արժեքավոր ու կարեւոր գիտելիքները»,- ընդգծել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը նշել է. «Կոդավորումը 21-րդ դարի հմտություններից է, եւ այն պահանջվում է մասնագիտական ցանկացած ոլորտում։ Այն կխթանի աշակերտների մոտ քննադատական ու վերլուծական մտածողությունը` գտնելու նորարարական լուծումներ արդի խնդիրներին։ Նախաձեռնությունը կարեւոր է, քանի որ այն համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որդեգրած առաջնահերթություններին, այդ թվում դպրոցական ծրագրում տեխնոլոգիաների ներդրման առումով»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը կարեւորել է տեխնոլոգիաների ներդրումը դպրոցներում, ու ուսուցիչների համապատասխան վերապատրաստումը դասապրոցեսն առավել ինտերակտիվ ու ժամանակակից մեթոդներով վարելու համար, քանի որ նման արտաժամյա դասընթացների միջոցով հնարավոր կլինի զարգացնել ավագ դպրոցների աշակերտների թվային եւ այլ առանցքային հմտությունները, քննադատական եւ վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը եւ համագործակցային աշխատանքը:
«Քանի որ ծրագիրը առաջինն է, մենք ակնկալում ենք, որ սարքի ներդրումը մեծ խթան կհանդիսանա կոդավորման միջոցով զարգացնելու միջազգային համագործակցությունը հայ դպրոցականների եւ տարբեր երկրներից իրենց հասակակիցների միջեւ կապը»,- նշել է Արեւիկ Անափիոսյանը:
Պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ավագ դպրոցներից 300 աշակերտ հնարավորություն կստանա մասնակցել կոդավորման արտալսարանային ներածական դասընթացների, իսկ շահառու դպրոցների ՏՀՏ ուսուցիչներին մինչ դասընթացների մեկնարկը կառաջարկվի micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ:
Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:
Նախագծի գործողության ժամկետն է 2020 թ-ի հունվարից մինչեւ մայիս: