10:00 | 09.12.19 | Նորություններ | 1298

Դեկտեմբերի 7-ից Շիրակի մարզի բոլոր դպրոցներում գործում են «Արմաթ»-ներ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփել է Շիրակի մարզի բոլոր դպրոցներում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ տեղադրելու գործընթացը։

Դեկտեմբերի 6-ին Գյումրու թիվ 19 դպրոցում տեղի է ունեցել հերթական «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությունը, որով ազդարարվել է 117 նոր ինժեներական լաբորատորիաների մուտքը Շիրակի մարզ, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղադրման ամբողջ գործընթացն ավարտվել է։ Այսպիսով, Գյումրու բոլոր դպրոցներն արդեն համալրված են «Արմաթ» լաբորատորիաներով:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Շիրակի մարզի կրթության վարչության բաժնի ներկայացուցիչներ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչներ։

Իր խոսքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորել է դպրոցականներին ձեռքբերման առթիվ եւ նշել է, որ անչափ կարեւորում է նմանատիպ ձեռնարկների իրականացումը․

«Մեզ համար «Արմաթ» լաբորատորիաների բացումը շատ կարեւոր քայլ է, քանզի ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս մեր դպրոցականներին առաջատար ու նորարարական տեխնոլոգիաներին ծանոթանալ, հմտություններ ձեռք բերել», - նշել է մարզպետը։

Շնորհավորական խոսքով հանդես են եկել նաեւ «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը եւ դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանը։

«Կա ուսումնասիրություն, որ ԱՐՄԱԹ-ի սաների շուրջ 12 տոկոսը ստարտափ հիմնադիրներ են: Կան նաեւ աշակերտներ, ովքեր, շնորհիվ այս խմբակում ստացած գիտելիքի, հիմնել են իրենց «բիզնես»-ը դպրոցում եւ հօգուտ համայնքի ծառայություն են մատուցում: Սաները կարող են իրենց նախագծերը հետագայում էլ զարգացնել ու վաճառել»,- նշել է Սոֆյա Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ մարզում որպես խմբավար աշխատում են հենց տեղի մասնագետներ՝ լուծելով երիտասարդ կադրերի աշխատատեղերի խնդիրը։

Ընդհանուր առմամբ, մարզն ունի շուրջ 140 «Արմաթ» ինժեներական լաբարատորիա, որոնցից 117-ը բացվել են վերջին շրջանում: Ինժեներական լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար: Մեկ խմբում կարող է լինել մինչեւ 18 երեխա, բայց երեխաների քանակից կախված, դպրոցները կարող են ունենալ ավելի քան 1 լաբորատորիա: Ըստ նախատեսվածի, ինժեներական լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների ընդհանուր քանակը 33-ից պակաս է: Նմանատիպ դպրոցները Շիրակի մարզում 8-ն են:

Ծրագիրն այս տարվանից իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ 2019 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: 2019 թվականի ավարտին բացի Շիրակի մարզից լաբորատորիաներով հագեցված կլինեն Լոռու ու Տավուշի մարզերը, իսկ 2020թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն Հայաստանի եւ Արցախի բոլոր դպրոցներում:

Հիշեցնենք, որ Արմաթ ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի տարածքում գործում են շուրջ 400 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են անվճար ինժեներական կրթություն։