12:14 | 25.11.19 | Նորություններ | 11387
Նոյեմբերի 23-24-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում արդեն երրորդ տարին անընդմեջ կայացավ «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» տեխնոլոգիական համաժողովը, որի առանցքային թեման մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն էր՝ միջազգային գործընկերների եւ բուհերի հետ համագործակցությամբ։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագրերի թիմի ղեկավար Էվա Մարիա Նահերը:
ՀՀ բոլոր մարզերից համաժողովը հյուրընկալել էր ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի: Օրակարգում ներառված էին պանելային 3 քննարկումներ՝ «Միջազգային աջակցություն մարզային զարգացմանը», «Մարզային բացառիկ կրթական մոդելները», «Բարձր տեխնոլոգիաների կենսական նշանակությունները» թեմաներով:
Նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին եւ բարձրաստիճան հյուրերին, կարեւորել է նման միջոցառման անցկացումը Գյումրիում՝ ընդգծելով, որ այն տեխնոլոգիական առաջատար քաղաքներից է դառնում:
«Մենք առաջնահերթ ենք համարում մարզերի զարգացումը՝ ստեղծելով նոր կրթական կենտրոններ Երեւանից դուրս, որոնց հիման վրա միջազգային եւ տեղական տեխնոլոգիական ընկերությունները իրենց գիտահետազոտական կենտրոններն են հիմնում։ Հայաստանում մարդկային տաղանդն է, որ ամենամեծ առավելությունն է տալիս, եւ տաղանդավոր մարդիկ են, որոնք կարողանում են արագ ընկալել, սովորել, ստեղծագործ մտքով է´լ ավելի զարգացնել աշխարհում եղած տեխնոլոգիաները։ Սա է տալիս մեզ այն վստահությունը, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր՝ իր ետեւից տանելով նաեւ թվայնացման, ռազմարդյունաբերության ճյուղերը պետության եւ տնտեսության բոլոր բնագավառներում»,- նշել է նախարարը:
Հակոբ Արշակյանը հորդորել է երիտասարդներին ուսումնասիրել նախարարության հաջորդ տարվա ծրագրերը:
«Մարզերում հաջորդ տարի պլանավորում ենք ունենալ նոր տեխնոլոգիաներով կրթված երեք հազար նոր քաղաքացիներ, բուհերում տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությամբ՝ նոր լսարաններ, որտեղ կկարողանաք ձեռք բերել գիտելիքներ: Գյումրու, Վանաձորի տեխնոպարկերում դասավանդում են լավագույն մասնագետները, անպայման մասնակցեք այդ դասընթացներին, դա է միակ ուղղությունը։ Մեզ անհրաժեշտ է որոշ տեխնոլոգիական զարգացումների վրայով թռիչքային զարգացում ունենալ»,- ընդգծել է նա:
Համաժողովն իրականացվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով: