18:33 | 20.11.19 | Նորություններ | 9140
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2019 թ.-ի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Տակեո Կանադեն:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:
«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ եւ դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, դա զարգացրել եւ մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը 10 տարեկան է եւ այս ամբողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնության կողքին է եղել: Դժվար է գերագնահատել այն ազդեցությունը, որն այս մրցանակը թողել է Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման վրա: Այս ազդեցությունն արժեհամակարգի, մտածողության հարթության վրա է. մեր ՏՀՏ հանրությունն ու ուսանողները հյուրընկալում են բացառիկ անհատականությունների, կենդանի լեգենդների, ում ստեղծագործ միտքը հեղափոխական խթան է հաղորդել աշխարհի տեխնոլոգիական զարգացմանը՝ ՏՀՏ ոլորտը հասցնելով որակապես նոր մակարդակի:
Պետք է փաստել, որ այսօրվա աշխարհում քիչ են տեխնոլոգիական այնպիսի նվաճումները, որոնք իրապես նոր խոսք են եւ Հայաստան այցելած այս համաշխարհային հսկաները հենց այդ նորը ստեղծած մարդիկ են: Նրանց հետ հանդիպելով ու շփվելով՝ մեր երիտասարդները կենդանի օրինակով տեսնում են, թե ինչպես է պետք ձգտել ապրել. հավատալ սեփական ուժերին, աշխատել օր ու գիշեր, քայլել սեփական, այլ ոչ թե՝ ուրիշի տրորած արահետով, ու գրավել այնպիսի բարձունք, որտեղ ժամանակակիցներից որեւիցե մեկը դեռեւս ոտք չի դրել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մրցանակը հիմնվել էր 2009թ-ին, եւ այս տարի 10-րդ մրցանակակրին ենք ունենալու Հայաստանում: Արդեն երկրորդ տարին է, որ մրցանակը տրվում է որպես ՀՀ պետական մրցանակ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակի 2019թ-ի դափնեկիրը դոկտոր Տակեո Կանադեն է, ով Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, «Origami World» տեսություն հիմնադիրը, ինչպես նաեւ «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողն է: Կանադեին մրցանակի շնորհման նախաձեռնության հեղինակը Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանն է»,- ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:
ՀՀ պետական մրցանակը հիմնվել է 2009թ. հուլիսի 6-ին եւ յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ (տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական եւ ֆինանսական) կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների։ Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսեւորումներ։
Այս տարի տրվող մրցանակը թվով 10-րդն է։ Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից եւ հուշախորհրդանիշից:
Մրցանակաբաշխությունն իրականացվում է կազմակերպչական կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը` միջազգային հանձնաժողովի կողմից:
Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո եւ Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Cisco Systems» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Kaspersky Lab»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը, «Nest Labs» ընկերության հիմնադիր, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը եւ «National Instruments» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։