11:18 | 18.11.19 | Նորություններ | 3034

Հայկական ստարտափները զգալի հաջողություններ են գրանցել SWITCH 2019 ցուցահանդեսում

Սինգապուրի SWITCH 2019 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ձեռք են բերվել 100-ից ավելի պայմանավորվածություններ՝ հայկական ընկերությունների հետ պիլոտային ծրագրեր սկսելու վերաբերյալ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ ցուցահանդեսի վերջին օրը հայկական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ընկերությունների պրոդուկտներն ու ծառայությունները:

Հայկական Varpet-ը, որն առցանց կենցաղային ծառայությունների մատուցման հարթակ է, համագործակցության հուշագրեր է ստորագրել SunMedia, Capsys, Warrantec, Hal34K, KFW ընկերությունների հետ՝ իր համակարգը Ճապոնիայում, Սինգապուրում, Գերմանիայում եւ Հունգարիայում գործարկելու վերաբերյալ։

Համատեղ համագործակցություն սկսելու մտադրության մասին հուշագրեր են ստորագրվել նաեւ հայկական EasyDMarc ընկերության եւ HEAPSTECH կազմակերպության միջեւ:

Բացի այդ, հայկական Gourus ընկերությունը փոխադարձ համաձայնություն է ձեռք բերել Roterdam partners-ի եւ MDEC-ի հետ՝ տվյալների մշակման (data analysis) ուղղությամբ համագործակցելու վերաբերյալ։  

Davnet ընկերությունն էլ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել Azunaro եւ Johannes Thordason ընկերությունների հետ։

«YEA Engineering ընկերությունը քննարկել է Սինգապուրում համալսարանների հետ համագործակցության հնարավորությունները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը SWITCH 2019-ի շրջանակներում հանդիպել է Սինգապուրի կառավարության ավագ նախարար Չէ Հոնգ Տատի հետ։

Գեղամ Վարդանյանը ներկայացրել է հայկական տեխնոլոգիական ներուժը, այն զարգացնելու ուղղությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերը։ Նա մանրամասնել է տեխնոլոգիական ոլորտի հայկական կրթական մոդելը՝ Արմաթ-Թումո- Անել շղթայի համակցումը, որի շնորհիվ հնարավոր է դարձել տեխնոլոգիական  բարձրակարգ մասնագետներ պատրաստել։

Չէ Հոնգ Տատը պատրաստակամություն է հայտնել տեխնոլոգիական մի շարք ոլորտներում, հատկապես տեխնոլոգիական կրթության ուղղությամբ, խորացնելու  հարաբերությունները  Հայաստանի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Սինգապուրի համալսարանների միջեւ իրականացնել ուսանողների փոխանակման եւ հետազոտական ծրագրեր:

Գեղամ Վարդանյանը հանդիպում է ունեցել նաեւ Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոհ Պո Կունի հետ, ներկայացրել նախարարության կառուցվածքն ու առաջնահերթությունները, մեր երկրում կատարված տեխնոլոգիական ոլորտի վերջին բարեփոխումները, ներդրման հնարավորությունները, տեխնոլոգիական ընկերությունների ներուժը:  

Կոհ Պո Կունիի հետ քննարկվել են երկկողմ համագործակցության կոնկրետ  ուղղություններ ու առաջարկներ:

Գեղամ Վարդանյանը որպես հատուկ հյուր մասնակցել է նաեւ Սինգապուրում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Cultivate նախաձեռնության մեկնարկին, որտեղ հանդես է եկել ելույթով: Նա անդրադարձել է ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված մեր երկրում իրականացվող ծրագրերին, խոսել միջազգային ստարտափ լուծումները Հայաստանում ներդնելու, եւ հայկական փորձը արտահանելու հնարավորություններին։