12:11 | 14.11.19 | Նորություններ | 2953
Նոյեմբերի 13-14-ին Վարշավայում կայացել է Perspektywy Women in Tech Summit 2019 համաժողովը, որին մասնակցություն է ունեցել նաեւ Հայաստանի պատվիրակությունը:
Միջոցառմանը մասնակցել են 15 կին ուսանողներ տեխնոլոգիական ոլորտի Հայաստանի տարբեր կրթական հաստատություններից, Girls in Tech նախաձեռնությունը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ):
Համաժողովին որպես խոսնակ հրավիրված Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը բացման հատվածում հանդես է եկել ելույթով: Նա խոսել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ տեխնոլոգիական կամուրջ կառուցելու հնարավորությունների մասին, պատմելով, թե Հայաստանը ՁԻՀ ծրագրերի միջոցով ինչպես է զարգացնում տեխնոլոգիական ոլորտը:
Ամալյա Եղոյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությունը 30 տոկոս է, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:
«Այցը Լեհաստան շատ կարեւոր էր, ինչի համար շատ շնորհակալ եմ Հայաստանում Լեհաստանի եւ Լեհաստանում Հայաստանի դեսպաններին եւ դեսպանատներին։ Լիահույս եմ, որ որպես հաջողության պատմություն ունենալով Fujitsu Լեհաստանի համագործակցությունը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) գործող IT Space ընկերության հետ, կարող ենք դեպի մեզ գրավել նաեւ շատ նոր գործընկերներ եւ պատվիրատուներ»,- ընդգծել է նա:
Լեհաստան կատարած այցի շրջանակում Ամալյա Եղոյանը նաեւ գործնական հանդիպումներ է ունեցել, մասնավորապես, Ժեշուվ քաղաքի փոխքաղաքապետի, Fujitsu Լեհաստանի եւ Urban Lab-ի ներկայացուցիչների հետ: Վերջինների հետ քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորապես Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ, ինչպես նաեւ Հայաստան այցելելու եւ տեղական ընկերությունների հետ ծանոթանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հիշեցնենք, որ Լեհաստանի հետ համագործակցությունը ՁԻՀ-ը սկսել է 2017թ.՝ շնորհիվ Business Armenia-ի ներկայացուցիչ Լուկաշ Վալերյանի, որի հիմնադրած Blue Idea ընկերությունը եւ Run IT in Armenia բրենդը փորձում է ոգեւորել Լեհաստանի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ համագործակցել հայկական ընկերությունների հետ։ Արդյունքում, Fujitsu Լեհաստանը սկսեց համագործակցել ԳՏԿ-ում գործող IT Space ընկերության հետ, ինչի արդյունքում IT Space-ը հետազոտական ծրագրեր է իրականացնում Fujitsu-ի համար: Երկարաժամկետ հեռանկարում է Fujitsu ընկերության մասնաճյուղի հիմնումը Հայաստանում: