17:23 | 13.11.19 | Նորություններ | 9735
Հայաստանում Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը։
Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր եւ արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:
Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի եւ Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների, որոնցից 100-ը մասնակցել են դասընթացների փուլին:
Այսօրվա հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրին դասապրոցեսին աջակցող լուծումներ, որոնք մշակել են սեփական ուժերով տարբեր առարկաների համար՝ օգտագործելով ծրագրի շրջանակում ձեռք բերած թվային հմտությունները եւ գիտելիքները: Գաղափարների ներկայացմանը հաջորդեց խմբերին խրախուսական մրցանակներով պարգեւատրման արարողությունը:
«Մենք որպես գործատու ակնկալում ենք, որ մեր աշխատակիցները պիտի տիրապետեն այսօրվա թվային գործիքներին, եւ վստահ եմ, բոլոր գործատուները մտածում են նույն կերպ: Ուստի մեր այս ծրագիրը պիտի մասնակիցներին հնարավորություն տա ապագայում մրցունակ լինելու աշխատաշուկայում եւ կօգնի ուսուցիչներին թվային գործիքների շնորհիվ դասավանդման գործընթացը դարձնել շատ ավելի դյուրին եւ արդյունավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը:
«Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը քաղհասարակության եւ բիզնեսի միջեւ հաջողված համագործակցության լավագույն օրինակներից է, որը խոսում է կրթության կարեւորության մասին: Կարծում ենք, որ ապրելով թվային, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած աշխարհում՝ շատ կարեւոր է ունենալ ՏՏ գրագիտություն եւ թվային հնարավորությունների արդյունավետ կիրառման հմտություն. մեկ բան է պարզապես ծանոթ լինել համացանցին եւ նրա կիրառմանը, մեկ այլ բան՝ իմանալ եւ հասկանալ, թե ինչպես այն ճիշտ օգտագործել եւ որտեղ ինչ փնտրել», - հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Նշենք, որ նախատեսվում է ստեղծել նաեւ ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում եւ այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում: