11:30 | 13.11.19 | Նորություններ | 2199
2019թ. երեք եռամսյակներում Հայաստանում անհատական համակարգիչների օգտատերերի 37%-ը առնվազն մեկ անգամ բախվել է տարբեր կարգի ինտերնետ-սպառնալիքների, իսկ 44%-ը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների գրոհների:
Այս մասին վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները։ Սպառնալիքները բխում են այնպիսի ծրագրային ապահովումից, որը համակարգչում հայտնվում է ոչ թե համացանցից, այլ տարբեր հանովի կրիչներից, օրինակ, USB-ֆլեշներից, արտաքին կոշտ սկավառակներից։ Բացի դա, Հայաստանում մոբայլ սարքեր գործածողների մոտ 2%-ը հանդիպել է վնասաբեր ԾԱ-ի։
Կիբեռսպառնալիքներն արդիական են ոչ միայն տնային օգտատերերի պարագայում։ Հայաստանում գործող ընկերությունների աշխատակիցների շրջանում 2019-ի հունվար-սեպտեմբերին համացանցից վնասաբեր ԾԱ-ի գրոհների բախվածների բաժինը կազմել է 10%։ Տեղային սպառնալիքների պարագայում համանման ցուցանիշն ավելի մեծ է՝ 32%։
Ակտիվ աճ են դրսեւորել ծածկագրող եւ շորթող ծրագրերը։ Այսպես, եթե անցյալ տարվա կեսերին (երկրորդ եռամսյակ) ընկերությունը ամբողջ աշխարհում հայտնաբերել է նման վնասաբեր ծրագրերի 7,5 հազար նմուշ, ապա 2019-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով դրանց թիվը կազմել է ավելի քան 16 հազար։ Հայաստանում անցած երեք եռամսյակներում ծածկագրող ծրագրերի գրոհների բախվել է մոտ յուրաքանչյուր 115-րդ օգտատերը։
Չարագործների շրջանում գրոհների ամենատարածված մեթոդներից մեկը ֆիշինգն է՝ կեղծ վեբ-էջերի ստեղծումը կամ նույնպիսի նամակների տարածումը, որոնք արտաքնապես առավելագույնս նման են օրինական ռեսուրսների եւ հայտնի ընկերությունների եւ ծառայությունների հաղորդագրությունների։ Նման կերպ կիբեռհանցագործները փորձում են բթացնել օգտատիրոջ զգոնությունը, առաջացնել նրա հետաքրքրությունը ստացված նամակի կամ բացված էջի նկատմամբ եւ արդյունքում ստիպել, որ նա ներբեռնի քողարկված վնասաբեր ծրագիրը կամ տրամադրի գաղտնի տեղեկատվություն։ «Կասպերսկի» ընկերության լուծումները 2019-ի երեք եռամսյակների ընթացքում Հայաստանում արգելափակել են ֆիշինգային էջեր անցման 187 փորձ։
«Չարագործներն օգտագործում են գրոհների տարբեր վեկտորներ եւ ակտիվորեն կատարելագործում իրենց գործիքները։ Ահա թե ինչու է ժամանակակից օգտատերերին անհրաժեշտ միշտ զգոն լինել։ Սակայն միայն հակավիրուսը վաղուց արդեն բավական չէ, իսկապես հուսալի պաշտպանական լուծումը պետք է լինի համալիր եւ ներառի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հետ մղել, այդ թվում՝ եւ՛ ֆիշինգային գրոհները, եւ՛ շորթող ծրագրերի գրոհները»,- նշել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Կիբեռսպառնալիքներից պաշտպանության համար փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին հետեւել մի քանի հիմնական կանոնների.
• չանցնել նամակների, մեսենջերների կամ SMS-ների կասկածելի հղումներով;
• կանոնավոր կերպով տեղադրել օպերացիոն համակարգի եւ հավելվածների թարմացումները;
• հավելվածներ տեղադրել միայն պաշտոնական աղբյուրներից;
• բոլոր օգտահաշիվների համար կիրառել բարդ եւ տարբեր գաղտնաբառեր;
• կանոնավոր կերպով կատարել կարեւոր տվյալների պահուստային կրկնօրինակում;
• հավելվածներին չտրամադրել հասանելիություն այն գործառույթներին, որոնք դրանց անհրաժեշտ չեն;
• տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, այդ թվում՝ մոբայլ սարքերում։
Կազմակերպություններին «Կասպերսկի»-ն խորհուրդ է տալիս.
• աշխատակիցների համար անցկացնել կիբեռգրագիտության մակարդակի բարձրացման դասընթացներ, որոնց ընթացքում կարելի է զարգացնել թվային միջավայրում անվտանգ վարքի գործնական հմտություններ;
• կատարել ֆայլերի (նիշք) պահուստային կրկնօրինակում եւ ծածկագրում՝ սարքի կորստի եւ տվյալների արտահոսքի դեպքում լրացուցիչ պաշտպանության համար;
• կանոնավոր կերպով թարմացնել ծրագրային ապահովումը՝ չփակված խոցելիությունների առկայությունից խուսափելու համար;
• ընտրել հարմար կառավարմամբ եւ անվտանգության ստուգված գործառույթներով համապատասխան պաշտպանական լուծում։