16:27 | 06.11.19 | Նորություններ | 12719

41 թիմ կպայքարի Ucom-ի աջակցությամբ իրականացվող Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Այսօր՝ ժամը 15:00-ին, տեղի ունեցավ ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթի պաշտոնական ասուլիսը, որի ընթացքում որպես բանախոս հանդես եկան Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հայաստանում առաջին անգամ մրցույթը կայանալու է նոյեմբերի 9-ին՝ Խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատում։ Այն անցկացվելու է «Խելացի քաղաք» խորագրի ներքո։ Միջոցառման նպատակն է խրախուսել ռոբոտաշինության, ծրագրավորման եւ դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը եւ հանրահռչակումը, ռոբոտաշինության ոլորտի եւ ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:

Մրցույթին իր մասնակցությունն է հաստատել 41 թիմ աշխարհի մի շարք երկրներից, այդ թվում՝ Եթովպիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Վրաստանից ու Մադագասկարից։

«Ucom-ը տարիներ շարունակ խրախուսում է ինժեներական մտքի զարգացումը՝ Հայաստանի մարզերում 40-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրումով, ինչպես նաեւ այդ լաբորատորիաների սաների համար տարատեսակ մրցույթների հովանավորությունն ստանձնելով։ Որպես ինժեներական կրթության ու ստեղծարար սերնդի ջատագովներ՝ մենք գիտակցում ենք, որ ի լրումն ներքին մրցույթների երեխաները պետք է նաեւ միջազգային մրցույթների մասնակցեն։ Ռոբոտեքս Արմենիան բավականին բարդ միջազգային մրցույթ է, որը մեծ պատրաստակամությամբ ենք հովանավորում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց շարքում են Արման Պողոսյանը (Instigate ընկերություն), Հրանտ Խաչատրյանը (Symotec ընկերություն), Արամ Կերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Հրաչյա Մակարյանը («Փուլ» ընկերություն), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն) եւ Հայկ Զարգարյանը (Ucom)։

Միջազգային բարձր կարգի այս մրցույթի հյուրընկալումը մեծ պատասխանատվություն լինելուց բացի նաեւ մեծ փորձ եւ ոգեւորության աղբյուր կլինի ռոբոտաշինությանը տիրապետող բազմաթիվ դպրոցականների համար: Այն նշանակալի հարթակ է, որտեղ ռոբոտաշինությամբ եւ ծրագրավորմամբ զբաղվով երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները։

«Միությունը նպատակ է դրել Հայաստանը դարձնել ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն եւ այդ առումով մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար Հայաստան է հրավիրում ոլորտի համաշխարհային մրցույթներ: Այս անգամ, մասնավորապես, դա Robotex մրցույթն է», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան եւ մի շարք այլ երկրներ։

Robotex Armenia մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը, գործընկեր՝ Symotec ընկերությունը։