14:03 | 30.10.19 | Նորություններ | 13941

«ՄՏՍ TV». բջջային հավելված ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Շանթ» -ի համագործակցությամբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային նոր հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության ծրագիրը, ներառյալ՝ ժամանցային հաղորդումներն ու կարեւոր ֆուտբոլային հանդիպումները:

«ՄՏՍ TV»-ն թույլ կտա արդյունավետ տնօրինել ժամանակը խցանման մեջ կամ հերթում, ինչպես նաեւ՝ զբաղեցնել երեխաներին՝ մեքենայում կամ հանգստի վայրում:

Հավելվածը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում: Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել լիարժեք հեռուստացույցի, կարեւոր տեղեկություններ ստանալ նաեւ տնից դուրս գտնվելիս եւ դիտել հայկական մի շարք հեռուստաալիքներ եւ սերիալներ HD որակով ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G եւ 4G/4G+ ցանցերի ծածկույթում, ինչպես նաեւ՝ Wi-Fi-ի միջոցով: Հավելվածի օգտագործումը մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ անվճար է:

Ֆեյսբուքյան ասուլիսի ձեւաչափով նախագիծը ներկայացրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Շանթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արթուր Եզեկյանը:

Հավելվածից օգտվելու անհրաժեշտ պայմաններ են Android օպերացիոն համակարգի դեպքում՝ նվազագույնը Android 5-ը, իսկ iOS-ի դեպքում՝ 10-ը: Հավելվածները պետք է ներբեռնել Google Play Store-ից կամ՝ Apple Store-ից: Նախնական շրջանում տրամադրվելու են հետեւյալ 11 հեռուստաալիքները՝ Shant Premium HD, Shant News, Shant Serial, Shant Music, Shant HD, Shant Kids, TV5, Հ1, Հ2, Երկիր մեդիա եւ Կենտրոն: «ՄՏՍ TV» հավելվածում ներառված՝ «Շանթ» հեռուստաընկերության ստեղծած բովանդակության ամբողջական փաթեթը շարունակելու է ընդլայնվել:

Ծառայությունը հասանելի է «Viva 2500», «Viva 3500», «Viva 5500», «Viva 7500», «Viva 9500», ինչպես նաեւ «X» եւ «Y» թե՛ կանխավճարային եւ թե՛ հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին: «ՄՏՍ TV»-ի շրջանակներում տրամադրվող ծրագրերը դիտելիս՝ ինտերնետը լինելու է անվճար: «ՄՏՍ TV» հավելվածն օգտագործելիս այս սակագնային պլաններով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:

Ծառայությունն ակտիվանալու է հավելվածում գրանցվելուն պես՝ մուտքագրելով հեռախոսահամարն ու անհրաժեշտ այլ տվյալներ, եւ հասանելի է լինելու բջջային մեկ սարքի միջոցով: Գրանցման վերաբերյալ մանրամասներին ու պայմաններին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Հավելվածն ունի հարմարավետ ինտերֆեյս, էլեկտրոնային ուղեցույց, որտեղ բաժանորդը կարող է ծանոթանալ ալիքների, ծրագրերի եւ ժանրերի մասին տեղեկատվությանը, ինչպես նաեւ՝ սահմանել հիշեցումներ, որոնք օգտատիրոջը հաղորդումից առաջ կտեղեկացնեն դրա մասին:

«ՄՏՍ TV» բջջային հավելվածի գործարկումը ռազմավարական գործընկեր ու հայկական տեսաբովանդակության առաջատար արտադրող «Շանթ» հեռուստաընկերության հետ, կարեւոր քայլ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին: Թվային նոր դարաշրջանում բովանդակությունը դառնում է առանցքային, եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ի հաշիվ իր ամենաընդարձակ ցանցի, ապահովում է թվային բովանդակության առավելագույն հասանելիություն՝ իր ապրանքանշանը կրող հավելվածի միջոցով: Ընկերությունը հետեւողականորեն մուտք է գործում նոր ոլորտներ՝ համաշխարհային միտումներին համընթաց»,- ասել է Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

««ՄՏՍ TV» բջջային հավելվածի ստեղծման գործում Շանթ ՀԸ-ն ներդրել է իր ողջ ներուժը եւ հեռուստատեսային ոլորտի հարուստ փորձը: Ապահովելով հավելվածի կոնտենտը՝ մենք առաջարկում ենք հայկական մասնագիտացված ալիքներ՝ ըստ լսարանի ճաշակի ու հետաքրքրությունների: Առանց գովազդային ընդհատումների, catch-up-ի եւ հիշեցման հնարավորություններով «ՄՏՍ TV» հավելվածը կխնայի օգտատիրոջ ժամանակն ու հնարավորություն կտա բաց չթողնել ոչ մի հաղորդում»,- նշել է Արթուր Եզեկյանը:

Հավելվածի շրջանակներում տրամադրվող ծառայությունները հասանելի են լինելու բացառապես ՀՀ տարածքում: