Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:
Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:
Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:
***
Mind Center-ի սաներ Աշոտ Գասպարյանը եւ Հայկ Անտոնյանն իրենց ռոբոտով մասնակցել են օգոստոսի 1-4-ը Դանիայի Օրհուս քաղաքում կայացած Ռոբոտների Համաշխարհային օլիմպիադայի ընկերական միջազգային մրցաշարին (WROFIT-Word Robot Olympiad Friendship Invitational Tournament):
Աշոտ Գասպարյան, 12 տ., Երեւան
9 տարեկան էի, երբ հայրիկս գնեց իմ առաջին ռոբոտը: Սկսեցինք քիչ-քիչ աշխատել դրա վրա: Հետո իմացանք օլիմպիադայի մասին եւ որոշեցինք, որ առաջին անգամ մասնակցեմ օլիմպիադային: Արդեն 3 տարի է՝ ռոբոտներ եմ պատրաստում:
Մի քանի տարի է, ինչ մասնակցում եմ օլիմպիադայի ազգային փուլին: Լրացուցիչ միջազգային փուլի եմ մասնակցել Չինաստանում, 2 անգամ էլ միջազգային փուլերի՝ Թայլանդում եւ Հնդկաստանում:
Ամեն տարի օլիմպիադային ընդառաջ նոր առաջադրանք է տրվում. պետք է սկսել պատրաստվել առնվազն 5 ամիս առաջ: Շատ բարդ գործ է ռոբոտ մտածելը, հորինելը, այնուհետեւ ծրագիրն այնպես սարքելը, որ առաջադրանքը ճշգրիտ կատարվի:
Օգոստոսին Դանիայում կայացած օլիմպիադայից հիանալի տպավորություններով եմ վերադարձել: Ինձ շատ դուր եկավ երկիրը, գեղեցիկ քաղաքներում եղանք: Այցելեցինք Լեգոլենդ. ապշած էի, որ հնարավոր է լեգոներով նման բաներ սարքել:
Երբ մեծանամ, ցանկանում եմ աշխատել Սինոփսիս ընկերության ամերիկյան մասնաճյուղում: Մտադիր եմ նաեւ կրթությունս շարունակել արտերկրում:
Նախընտրում եմ բակ իջնել՝ համակարգչով խաղալու փոխարեն: Լինում են օրեր, երբ համակարգիչ ընդհանրապես չեմ միացնում: Եթե միացնում եմ, ապա առավելագույնը օրական կես ժամ եմ դրան տրամադրում:
Ապագաս կապում եմ ռոբոտաշինության հետ: Այն գործերը, որոնք վտանգավոր են մարդու համար, կարող են կատարել ռոբոտները: Օրինակ, եթե ուզում ենք ուսումնասիրել ջրի ընդերքը, չենք կարող այդքան խորը իջնել, քանի որ ճնշումը չափազանց բարձր է, եւ մարդն այնտեղ չի դիմանա: Դրա համար կարող են ռոբոտներ իջեցնել: Նույնը վերաբերվում է տիեզերքին:
Հայկ Անտոնյան, 12 տ. Երեւան
Վաղուց եմ հետաքրքրվում տեխնոլոգիաներով, ռոբոտներով, ծրագրավորմամբ:
Զրոյից ռոբոտ պատրաստելու գործընթացն իրոք բարդ է, քանի որ պետք է պատկերացնել տվյալ հանձնարարության համար ինչպիսի մեխանիզմներ, դետալներ, հարմարանքներ են պետք: Պետք է կարողանալ տեղավորվել չափսերի մեջ: Ռոբոտ կառուցելու հիմնական բարդությունները դրանք են: Այս քայլերին հաջորդում է ծրագրավորումը:
Դանիայում կայացած օլիմպիադան շատ հետաքրքիր անցավ: Շատ բաներ սովորեցինք, նաեւ իմացանք, թե այլ երկրների պատանիներն ինչ լուծումներ էին ներկայացրել առաջադրված խնդրին: Եղանք շատ հետաքրքիր վայրերում, ծանոթացանք գեղեցիկ Դանիայի հետ: Իմ համար միջազգային օլիմպիադայի առաջին փորձն էր:
Կցանկանամ ապագայում ռոբոտաշինությունն ընտրել որպես մասնագիտություն: Միանշանակ կցանկանամ աշխատել Հայաստանում: Կնախընտրեի սովորել արտերկրում եւ վերադառնալ:
Ռոբոտներն ապագայում մարդկանց համար գլխացավանք չեն կարող դառնալ: Որոշ մարդիկ մտածում են, որ ռոբոտները կփոխարինեն մարդկանց, բարդ կլինի աշխատանք գտնել, բայց դա այդպես չէ եւ երբեք էլ չի լինի: Ռոբոտները մարդկանց կօգնեն աշխատանքի հարցերում: Այսօր կան շատ բարդ աշխատանքներ, օրինակ, հրշեջների աշխատանքի վտանգավոր հատվածը կարող են ռոբոտները կատարել: Մարդն էլ այդ ժամանակ կգտնվի անվտանգ վայրում եւ կկառավարի այրվող տարածքում աշխատող ռոբոտին:
Հետագայում կուզենայի ստեղծել համակարգ, որի միջոցով մարդը կարողանար տանը նստած ավտոմեքենա վարել եւ ուղեւորին մի կետից մյուսը տեղափոխեր:
«Այբ» կրթական հիմնադրամը հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ընկերակցության միակ պաշտոնական ներկայացուցիչը եւ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի`ՌՀՕ (WRO) ազգային փուլի միակ կազմակերպիչը Հայաստանում: ՌՀՕ-ի շրջանակներում հայաստանյան թիմերի ցանկացած ընկերական եւ միջազգային մրցաշարի մասնակցություն իրականացվում է «Այբ» հիմնադրամի երաշխավորմամբ եւ համաձայնությամբ:
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի