11:39 | 11.10.19 | Նորություններ | 20149

Ucom-ի աջակցությամբ կայացավ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը

Հոկտեմբերի 6-9 Մերգելյան ինստիտուտի «Երեւան Էքսպո» կենտրոնում կայացած 15-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը մեկ հարկի տակ հավաքեց ՏՀՏ ոլորտի շուրջ 100 ընկերության ու տասնյակ հազարավոր այցելուների:

Հատկանշական է, որ այս տարի Դիջիթեքում ներկայացված էր Իրանի Իսլամական Հանրապետության կոնսոլիդացված տաղավարը, որտեղ ներկայացված էին 9 ընկերություններ Իրանից։ Մասնակիցների ցանկում էր ցուցահանդեսի ավանդական պլատինե հովանավոր Ucom ընկերությունը, VOLO ընկերությունը, Վանաձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների ներգրավմամբ ստեղծված նորաբաց ընկերությունը, որը գերմանական Osensus ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, եւ այլն։ Այս տարի շատ ակտիվ մասնակցություն ունեցավ նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը մի շարք ինժեներական, ստարտափ ընկերությունների միավորեց իր տաղավարի ներքո։

ԴիջիԹեք 2019-ի առանձնահատկություններից մեկն այն էր, որ ցուցահանդեսը WCIT 2019-ի հովանավոր էր եւ անցկացվում էր դրան զուգահեռ, ուստի համաժողովի հյուրերը պարբերաբար այցելում էին ցուցահանդեսին։

Այցելուների թվում էր VMware ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին, Infosys ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին, ԱՄԷ Mubadala ներդրումային ընկերության ղեկավար կազմը, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Դիջիթեք այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի եւ մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։ ԱՏՁՄ-ն համագործակցության վերաբերյալ տարաբնույթ հուշագրեր ստորագրեց Հնդկաստանի, Եթովպիայի եւ Աֆղանստանի ներկայացուցիչների հետ, որոնցում հանդես եկավ կրթական տեխնոլոգիաների արտահանման առաջարկով։

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 15-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը: