15:10 | 09.10.19 | Նորություններ | 2280
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից հոկտեմբերի 8-ին արժանացել է Ականավոր մարդկանց մրցանակի («Eminent Persons Award»)՝ հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում երկարամյա ավանդի համար:
Մրցանակը տրվում է այն անհատներին, ովքեր նշանակալի ու խորքային ավանդ են ունեցել մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ։ Մրցանակակրին որոշելիս պարտադիր պայման չէ, որ վերջինիս գործունեությունը կապված լինի տեխնոլոգիական ոլորտի հետ:
Հեղինակավոր մրցանակին տարբեր տարիների արժանացել են Նելսոն Մանդելան, Մայք Լազարատիսը, համացանցի ստեղծման ակունքներում կանգնած Ռոբերտ Խանն ու Վինտոն Սերֆը:
ՏՏ ոլորտում Կարեն Վարդանյանի 30-ամյա գործունեության արդյունքում իրականացվող նախագծերի շարքում են ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն ու «Արմաթ» կրթական նախագիծը, Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի տարածքում գործող 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որտեղ ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։