15:07 | 02.10.19 | Նորություններ | 9548

Հոկտեմբերի 6-ին կմեկնարկի հոբելյանական 15-րդ Դիջիթեքը

Այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել է Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի պաշտոնական ասուլիսը։

Բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն եւ ամենասպասված միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը, տեղի կունենա հոկտեմբերի 6-9` Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երեւան Էքսպո» կենտրոնում: Ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ։ WCIT 2019-ին, որը հոկտեմբերի 6-9-ին տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից:

«ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք՝ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժին։ Այդ նպատակով կգործի հատուկ տրանսպորտային փոխադրում WCIT 2019-ից Դիջիթեք եւ հակառակ ուղղությամբ: Հայտնի է, որ այդ պատվիրակությունների թվում կլինի նաեւ WCIT 2019-ի նախարարական համաժողովի պատվիրակությունը», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարեւոր իրադարձությունների՝ WCIT2019-ի տեխնիկական եւ հոբելյանական DigiTec2019-ի պլատինե հովանավորն է։ Այս երկու առիթներն անպայման պետք է օգտագործել միջազգային կառույցների եւ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործակցությունը խթանելու, հայկական ՏՏ ոլորտի կարողությունները ներկայացնելու եւ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքում: Գրանցումն անվճար է:

Ցուցահանդեսին այս տարի կմասնակցի ավելի քան 120 տեղական եւ արտասահմանյան ընկերություն, որոնց վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում։

Դիջիթեք 2019-ի ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։