10:38 | 01.10.19 | Նորություններ | 1645

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Digital UAV ֆորումը

Սեպտեմբերի 30-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի, «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ՄԱԻ)», «Այբ» դպրոցի, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերության եւ «ՀՀ Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ)» միջեւ համագործակցության եւ գործընկերության զարգացման համաձայնագիր է ստորագրվել:

Համաձայնագիրը ստորագրել են ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ստրատեգիական զարգացման գծով պրոռեկտոր Ալեքսանդր Շեմյակովը, «Այբ» դպրոցի գործառնական տնօրեն Դավիթ Սահակյանը, «Լոկատր» ՓԲԸ տնօրեն Արման Խաչատրյանը, ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը:

Համաձայնագիրը նախատեսում է համատեղ գործողություններ՝ ուղղված Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) եւ աերոտիեզերական ոլորտներում համատեղ կրթական եւ գիտահետազոտական նախագծերի եւ ծրագրերի աջակցմանը:

Մասնավորապես, հնգակողմ փաստաթղթի համաձայն ՏՏ եւ աերոտիեզերական ոլորտների փոխազդող զարգացման համար համատեղ կմշակվեն եւ կիրականացվեն տարատեսակ ծրագրեր, սեմինարներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, այդ թվում «Digital UAV» ֆորումը, որն այս տարի առաջին անգամ կազմակերպվում է Հայաստանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ «Այբ» դպրոցի բազաների հիման վրա Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական համալսարան) աջակցությամբ՝ հոկտեմբերի 16-20-ը:

Ֆորումի շրջանակում կանցկացվեն հետեւյալ երեք նախաձեռնությունները՝

- Գիտական կոնֆերանս, որտեղ կներկայացվեն եւ կքննարկվեն արդի գիտա-տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումները անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում

- Հեքըթոն՝ անօդաչու ավիատրանսպորտի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար

-Դպրոցական կրթական հարթակ

Համագործակցությունը նպատակ ունի նպաստել տեխնոլոգիաների զարգացումը տվյալ բնագավառում՝ տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտում ներգրավելու եւ համախմբելու միջոցով:

Նպատակներից է խթանելու հանրակրթական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների շրջանում հետաքրքրության առաջացումն ինժեներական եւ գիտատեխնիկական մասնագիտական գործունեության նկատմամբ: