11:01 | 26.09.19 | Նորություններ | 1807

Իտալական Elettronica Group-ն ուսումնասիրում է ՀՀ-ի հետ համագործակցության հնարավորությունը

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գրասենյակ եւ հանդիպել գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ Էնզո Բենինիի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկրներից է, եւ Հայաստանի հետ սերտ համագործակցությունը մեծամասամբ լինելու է մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտում։

«Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Elettronica Group -ի գլխավոր գործադիր տնօրեն Էնզո Բենինին հույս է հայտնել, որ բարեկամությունն ու համագործակցությունը տեխնիկական մշակույթի, նոր տեխնոլոգիական գաղափարների, կիբերտեխնոլոգիաների ոլորտներում կշարունակվի։

«Տեղյակ եմ, որ Ձեր երկիրը պատրաստակամ է ներդրումներ անելու հետազոտությունների ոլորտում, իսկ հետազոտությունները բոլոր երկրների ապագան են»,- ասել է Էնզո Բենինին՝ հայտնելով, որ մի քանի անգամ եղել է Հայաստանում եւ ցանկանում է նորից այցելել։

«Որպես արդյունաբերող ընկերություն՝ մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպիսի համագործակցության ծրագրեր կարող ենք ունենալ ապագայում։ Վստահ եմ, որ Ձեր շնորհիվ երկրում շատ բաներ կփոխվեն»,- ասել է նա։

Elettronica ընկերությունը մասնավոր ընկերություն է, որը Բենինիների ընտանիքը հիմնել է 70 տարի առաջ։ Ընկերությունում աշխատում է շուրջ հազար մարդ Իտալիայից եւ Գերմանիայից։ Մեծ թվով ռեսուրսներ են օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր իրականացնելու համար։

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, առաջարկելու մեր ներկայությունը Հայաստանում այնպիսի կարեւոր ոլորտում, ինչպիսին պաշտպանությունն է»,- նշել է Էնզո Բենինին։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ներուժը հասկանալու համար իտալական ընկերությունը, ինչպես մյուս խոշոր ընկերությունները, պետք է այցելի մեր երկիր։ «Մեր ներուժը գիտնականներն են, ինչպես նաեւ մեր երիտասարդ սերունդը, - նշել է նախագահ Սարգսյանը։

Նա հավելել է, որ կարեւոր է նաեւ հստակ գիտակցել կրթական համակարգի կարեւորությունը։

«Բոլոր այս խոշոր ընկերությունները, որոնք գալիս են Հայաստան, գալիս են ապագայի , այլ ոչ թե վաղվա համար։ Ես ցանկանում եմ, որ Հայաստանը հարաբերություններ ունենա աշխարհի լավագույնների հետ։ Եթե մենք ուզում ենք, որ նոր սերնդի արհեստական բանականությունը ստեղծվի Հայաստանում, պետք է աշխատենք լավագույնների հետ։ Այս ամենը պահանջում է ժամանակ, համբերություն եւ տքնաջան աշխատանք»։

Զրուցակիցները հույս են հայտնել, որ կծավալվի արդյունավետ համագործակցություն, որը կբխի բոլոր կողմերի շահերից։