Իրինա Մինասյանը
15:10 | 24.09.19 | Հարցազրույցներ | exclusive 15136
Itel.am-ը զրուցել է Ակտուալ Սոլուշնս ընկերության կոմերցիոն տնօրեն Իրինա Մինասյանի հետ:
- Ձեր ընկերությունը ծառայություններ է տրամադրում լուծումների պլանավորման, կառավարման եւ մշակման, ինչպես նաեւ հաճախորդի կարիքների հայտնաբերման եւ համապատասխան լուծումների առաջարկման եւ մշակման հարցերում: Ինչո՞վ էր պայմանավորված նման ընկերության ստեղծումը:
- Ակտուալ Սոլուշնս ընկերությունը հիմնադրվել է 2017թ., միտված լինելով տրամադրել նորարարական, պարզ եւ մատչելի ծրագրային լուծումներ՝ ֆինանսական կազմակերպությունների համար։
Մեր ընկերության մասնագետներն ունենալով ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական ոլորտում (որից շուրջ 10 տարին բանկային ոլորտում), անմիջական մասնակցություն են ունեցել տարբեր ֆինանսա-բանկային համակարգերի մշակման եւ սպասարկման աշխատանքներում: Համեմատելով ՏՏ հնարավորությունները ու լուծումները 10 կամ նույնիսկ 5 տարի առաջ եւ հիմա, տեսնում ենք, որ առանձնապես շոշափելի փոփոխություններ չեն կատարվել ֆինանսա-բանկային համակարգերում՝ հեշտացնելու կամ ավտոմատացնելու գործող համակարգերի միջոցով իրականացվող գործընթացները։
Ակնհայտորեն, վերջին տարիների ընթացքում ավելի է բարձրացել հաճախորդների պահանջարկը մատուցվող ծառայությունների արագության եւ որակի հանդեպ, որի պատճառ է նաեւ համակարգերի ոչ արագ եւ համաչափ զարգացումը։
Օրինակ, շատ դանդաղ են զարգանում վեբ հարթակների միջոցով տրամադրվող ծառայությունները։ Ներկայումս հայաստանյան բանկերի միայն 30%-ն է տրամադրում ծառայություններ (հաշվի բացում, քարտի պատվիրում, վարկային դիմումների ընդունում եւ այլն) վեբ հարթակների միջոցով նոր հաճախորդների համար։ Մենք փորձում ենք ներկայացնել եւ առաջարկել մեր կողմից մշակված լուծումները, որոնք առաջնային միտված են գործընթացների ավտոմատացմանը, ռիսկերի նվազեցմանը եւ արդյունքում մատուցվող ծառայությունների որակի ու արագության բարձրացմանը։
Առաջարկվող ծառայությունները պարզ են եւ մատչելի, օրինակ՝ բանկային ծառայությունների մատուցման ստանդարտ վեբ հարթակի մշակման համար երկու ամիսը բավարար է, որի ծախսը մոտավոր կազմում է «միջին» չափսերի բանկում գործող ֆինանսա-բանկային ծրագրային համակարգերի մեկ ամսվա սպասարկման գումարը։ Օրինակ` ռուսաստանյան շատ բանկերում նույնիսկ հիփոթեքային վարկավորումն է իրականացվում առցանց՝ նվազագույնի հասցնելով հաճախորդի այցելությունը բանկեր։
- Ի՞նչ արդյունքների է հասել Ակտուալ Սոլուշնսը՝ գործունեության երկու տարիների ընթացքում:
- Երկու տարի առաջ երեք հոգով սկսեցինք վարկային-վերլուծական Կրեդիտ.Սոլուշնս ծրագրային համակարգի մշակումը, որը տեւեց վեց ամիս։
Ներկայում, Ակտուալ Սոլուշնս-ի աշխատակիցների թիվը 12 է։ Համագործակցում ենք հայաստանյան 5 ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնց տրամադրում ենք ՏՏ խորհրդատվական, ծրագրային համակարգի մշակման ծառայություններ: Կրեդիտ.Սոլուշնս ծրագրային համակարգը հաջողությամբ օգտագործվում է երկու ֆինանսական կազմակերպություններում։
- Ներկայացրեք ձեր հիմնական պրոդուկտներն ու ծառայությունները, ինչո՞վ են դրանք առանձնանում շուկայում:
- Մեր հիմնական պրոդուկտը Կրեդիտ.Սոլուշնս ծրագրային համակարգն է, որը նախատեսված է վարկային գործընթացի կառավարման (վարկային դիմումի ընդունումից մինչեւ վարկի տրամադրում) եւ վարկային վերլուծության իրականացման համար։
Կրեդիտ.Սոլուշնս ծրագրային համակարգը կարող է ինտեգրվել ցանկացած ֆինանսա-բանկային ծրագրային համակարգի հետ։ Համակարգի առաջին էջում ներկայացված է աշխատանքային մատյանը (dashboard), որի մեջ ցուցադրվում են համակարգի մեջ մուտք գործող օգտագործողի առաջադրանքները։ Օրինակ, վարկային մասնագետի աշխատանքային մատյանում ներկայացված են վարկային դիմումները, կատարվելիք վերլուծությունները, կոմիտեի կողմից հաստատված կամ մերժված վարկերը, սպասվելիք եւ ժամկետանց մուծումները, այսինքն «ավանդական» մի քանի հաշվետվությունների հետ աշխատելու փոխարեն, բավարար է միայն մեկ աշխատանքային մատյանը։
Ներկայումս, ֆինանսական կազմակերպությունների գերակշռող մասում արդեն 15-20 տարի գործում են նույն ծրագրային համակարգերը եւ իրականացվում են գրեթե նույն գործընթացները։ Մենք առաջարկում ենք այլընտրանքային, ճկուն եւ մատչելի լուծումներ, միտում ունենալով նաեւ ավելացնելու մրցակցությունը ներքին շուկայում, որը, որպես կանոն, նպաստում է որակի բարձրացմանը։
Երկու տարիների ընթացքում, բացի սեփական ծրագրային համակարգի առաջարկումից, փորձում ենք նաեւ դիրքավորվել որպես ՏՏ խորհրդատվության, ծրագրային լուծումների մշակման եւ ծրագրերի սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություն։ Ներկայումս դա ավելի շատ նշվում է որպես ՏՏ «աութսորսինգ» (IT Outsourcing)։ Մենք տրամադրում ենք աութսորսինգի ճկուն եւ շատ մատչելի տարբերակներ, մասնավորապես առաջարկում ենք ցանկացած ֆինանսա-բանկային համակարգի մշակում, ինչպես նաեւ գործող համակարգերի շուրջօրյա սպասարկում։
Աութսորսինգի առավելություններից մի քանիսին անդրադառնամ. կազմակերպությունը չի կատարում աշխատանքի ընդունման համար ներքին ՏՏ մասնագետների, դրանից բխող համակարգիչների, աշխատասենյակի, աշխատավարձի եւ արձակուրդի հետ կապված ծախսեր, ինչպես նաեւ խնդիրները լուծվում են սեղմ ժամկետներում բարձրակարգ մասնագետների կողմից, ծրագրային համակարգերի սպասարկումը կատարվում է շուրջօրյա, վճարումը իրականացվում է կատարված փաստացի աշխատանքի հիման վրա եւ այլն։
- Ովքե՞ր են ձեր հիմնական հաճախորդները:
- Առաջին հերթին փորձում ենք մեր լուծումները եւ ծառայությունները առաջարկել Հայաստանում գործող ֆինանսական կազմակերպություններին, մասնավորապես՝ բանկերին, վարկային կազմակերպություններին եւ ապահովագրական ընկերություններին։
- Ապագայի ի՞նչ ծրագրեր կան: Նախատեսո՞ւմ եք առաջիկայում դուրս գալ միջազգային շուկա:
- Կենտրոնացած ենք ներքին շուկայի վրա։ Արդյունքներից կախված կմտածենք միջազգային շուկայում ծառայություններ առաջարկելու ուղղությամբ։