11:48 | 24.09.19 | Նորություններ | 1686

Հայաստանն ու Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին, որի շրջանակում հայտարարել է, որ Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, էներգետիկան եւ այլն:

«Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների նկատմամբ՝ ապահովելով սեփականության ամբողջական եւ լիակատար իրավունք: Օտարերկրյա ներդրողները երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ ցանկացած ոլորտ եւ աշխարհագրական վայր՝ անձնակազմի հավաքագրման, շահույթի ազատ եւ անսահմանափակ օտարման, շուկայական փոխարժեքով տարադրամի անսահմանափակ փոխանակման եւ ազգայնացման բացառման երաշխիքներով հանդերձ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումի ընթացքում ստորագրվել է Փոխըմբռնման երկու հուշագիր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Լոս Անջելեսի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առեւտրի կենտրոնի միջեւ։

Համագործակցության հուշագրերի շրջանակում Հայաստանը եւ Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը եւ փորձի փոխանակում կիրականացնեն տեխնոլոգիաների եւ տնտեսության ոլորտներում։

Լոս Անջելեսից Նիկոլ Փաշինյանն ուղեւորվել է Սան Հոզե, որտեղ այցելել է Սիլիկոնյան հովտում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ, հանդիպումներ եւ քննարկումներ ունեցել ընկերությունների ղեկավարության եւ հայազգի մասնագետների հետ: