16:38 | 18.09.19 | Նորություններ | 2452

Փոփոխվել են 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը

Հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը` Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երեւան Էքսպո» կենտրոնում:


Ցուցահանդեսն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ:

WCIT 2019-ին, որը հոկտեմբերի 5-9-ն անց կկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից:

«ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք՝ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժին։ Այդ նպատակով կգործի հատուկ տրանսպորտային փոխադրում WCIT 2019-ից Դիջիթեք եւ հակառակ ուղղությամբ», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հայտնի է, որ այդ պատվիրակությունների թվում կլինի նաեւ WCIT 2019-ի նախարարական համաժողովի՝ շուրջ 33 նախարարից բաղկացած պատվիրակությունը:
Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքում: Գրանցումն անվճար է:

ԴիջիԹեք 2019-ին կմասնակցի ավելի քան 100 տեղական եւ արտասահմանյան ընկերություն: Ցուցահանդեսի ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը: