10:49 | 16.08.19 | Նորություններ | 13727

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կլուսավորվի Սահյանի ծննդավայրը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ կլուսավորվի Համո Սահյանի ծննդավայր՝ Սյունիքի մարզի Լոր գյուղը:

Սյուների տեղադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղի մի հատվածը եւ տեղակայել 32 լուսարձակ: Աշխատանքային քարտեզում ընդգրկված է նաեւ անվանի բանաստեղծի տուն-թանգարանի տարածքը:

Գյուղի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանն ընթացող աշխատանքների կարեւորությունը գնահատում է մի քանի՝ համագյուղացիների անվտանգության, էկոտուրիզմի խրախուսման, ապա՝ պարզապես նորմալ պայմաններ ունենալու տեսանկյունից: Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո, գյուղում փողոցները չեն լուսավորվել: Անասնապահությամբ զբաղվող գյուղացին իր տան բակում անասնագոմ չունի: Կոլտնտեսությունից մնացած գոմեր հասնելու համար՝ կիլոմետրերով ճանապարհ է անցնում: Մութ փողոցներն այդ ժամանակ դառնում են վտանգավոր՝ գայլերի հարձակման պատճառով:

«Լորի արտաքին լուսավորությունը բնակավայրի կարեւորագույն խնդիրներից է: Գյուղում եղել են գայլերի հարձակման դեպքեր՝ գիշերային ժամերի: Խնդրի լուծումը կարեւոր է թե՛ մարդկանց անվտանգության, թե՛ էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից: Այստեղ է գտնվում Համո Սահյանի տուն-թանգարանը: Վստահ եմ, որ լուսավորությունը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը:

Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար, շատ բնակավայրերում աշխատանքները համակարգվում են տարիների կտրվածքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախորդ ծրագիրը Լորում իրականացվել է 4 տարի առաջ: Գյուղն ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարմամբ: Կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել եւ ցանկապատվել են օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ) ու ջրընդունիչը: