13:52 | 05.08.19 | Նորություններ | 14108

Beeline-ի աջակցությամբ ամփոփվել է «Սեւան ստարտափ սամիթ 2019»-ը

Սեւանի ափին 7 օր շարունակ տեղի ունեցող ամենամյա վրանային «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում էին 120 ստարտափներ Հայաստանից եւ աշխարհի 45 երկրներից, ամփոփեց իր արդյունքները։

Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած ձեռներեցներ եւ առաջնորդներ։ Սամմիթը հյուրընկալել էր հայտնի փորձագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների, որոնց թվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապի միջոցով «Սեւան ստարտափ սամմիթ»-ի մասնակիցներին ողջունել էր նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է եւ հանձնվում է նաեւ Հանրապետության նախագահի մրցանակ։

Այս տարի «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցում էին $100 հազ. մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաեւ նախատեսված էր $100 հազ. երաշխավորված ներդրումային ֆոնդ՝ 2 կամ 3 ստարտափների միջեւ բաշխելու համար։

Նշենք, որ Հայաստանում Beeline-ը նույնպես նախատեսել էր մրցանակ․ ընտրված ForgeFiction եւ Eventor թիմերը Beeline ստարտափ ինկուբատորում առանց մրցույթի ինկուբացիոն շրջափուլ կանցնեն:

Փակման արարողությանը ամփոփվեցին starter եւ booster ծրագրերի արդյունքները եւ հրապարակվեցին հաղթողների անունները:

Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող եւ ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթող ճանաչվեց Thermoscan-ը, որն ինֆրակարմիր կամերայի օգնությամբ կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված ռիսկերը հայտնաբերելու համար ստեղծված բջջային հավելված է:

Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ, եւ հաղթող ճանաչվեց Soraytec-ը, որը ստեղծում է հոսանքի լարումը չափող խելացի սարք:

«Հայաստանում Beeline-ը շատ ակտիվ է մասնակցում «Սեւան ստարտափ սամմիթին», այդ թվում նաեւ մեր փորձագետներով, ստարտափ ինկուբատորով: Եվ դա պատահական չէ, քանի որ մենք իսկապես մեզ համարում ենք Հայաստանում ստարտափ էկոհամակարգի մաս ու ցանկանում ենք, որ երիտասարդները մեր երկրում կարողանան հեշտ ու արագ հիմնել իրենց ստարտափները, ներդրումներ ստանալ, աճել ու զարգանալ»,- նշեց Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Այս շաբաթը լի էր ձեռքբերումներով եւ փորձություններով։ Չնայած նրան, որ Սամմիթն ավարտվեց, դեռ շատ անելիքներ կան եւ հույս ունենք, որ բոլորդ կրկին կվերադառնաք Սամմիթ եւ կօգնեք մեզ դառնալ ավելի լավը»,- ասաց Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

«Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների եւ ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման եւ ներդրումային գործարքների համար:

Նշենք, որ Beeline-ը միջոցառման ռազմավարական գործընկերն է եւ արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի աջակից։

Սեւան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի եւ «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է: