16:38 | 22.07.19 | Նորություններ | 10205

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ կայացել է «Բիզնես առաջադրանք» մրցույթը

«Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ 2019թ. հուլիսի 20-ին Ծաղկաձորում արդեն հինգերորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը:

Մինչեւ մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես հանձնարարել են կոնկրետ բիզնես-առաջադրանք. ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում ուսումնասիրել «X» եւ «Y» սակագնային պլանները եւ ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում «X» եւ «Y» սակագնային պլանների հետագա զարգացումը:

Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում կոնկրետ լուծումներ են ներկայացրել գնահատող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են եղել ՀՊՆ գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ողջունում եմ բիզնես-առաջադրանք ստացած բոլոր պատանիներին: Ձեր առջեւ դրված է խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է ունենալ մտքի ճկունություն, վերլուծելու կարողություն, հարցերը բազմակողմանի դիտարկելու ցանկություն եւ մի փոքր էլ՝ խիզախություն: Վստահ եմ, որ դուք տիրապետում եք այդ ամենին, քանի որ պատանեկության տարիքին հատուկ են վառ երեւակայությունն ու համարձակությունը: Կրթական այս մոդելը կարեւոր է՝ տարբեր հմտություններ զարգացնելու եւ ստացած գիտելիքները գործնական հարթության մեջ կիրառելու տեսանկյունից: Փորձեք մրցույթից քաղել օգտակարը եւ կատարելագործել ձեր մտքի ճկունությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 12 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվել են սմարթֆոններով:

Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի շրջանակներում, որը հանրակրթության ոլորտում իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ ՀՊՆ կազմակերպության միջեւ կնքված հուշագրի:

Ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի 330 համայնքում՝ «JHM» բարեգործական հիմնադրամի եւ HSBC բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 7000 աշակերտի տնտեսագիտական եւ ձեռնարկատիրական գիտելիքներ հաղորդելն է: Մասնավորապես՝ ինչպես հետազոտել շուկան, ինչպես գրել բիզնես պլան, ինչ են բիզնես էթիկան եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքներ ձեռք բերել եւ դրանք կիրառել գործնականում: Ծրագրի շնորհիվ պատանիները սովորում են դրսեւորվել որպես ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքում եւ հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին: