10:44 | 11.07.19 | Նորություններ | 8461
Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ կենտրոնը հուլիսի 9-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում ներկայացրել է Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը կտեւի մինչեւ հուլիսի 31-ը:
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությունը տեղի էր ունեցել դեռեւս 2018թ. փետրվար-հունիս ամիսներին: Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին եւ նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:
«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական եւ ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այդ նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ ԹՈՒՄՈ-ի Գյումրու՝ Հայաստանի մշակութային կիզակետ հանդիսացող քաղաքներից մեկի մասնաճյուղում: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաեւ հայտնում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ «Արվեստանոց»-ը մայրաքաղաք Երեւանից Հայաստանի մարզերին հասցնելու շրջանակում համագործակցության համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը 10 տարեկան է, եւ այդ տարիների մեծ մասը մենք եղել ենք նրա կողքին՝ աջակցելով կենտրոնում իրականացվող հիանալի նախագծերին: Շատ լավ է, որ մեր երիտասարդներին արվեստի հետ ծանոթացնելու գործընթացը դուրս է գալիս Երեւանից եւ տարածվում մարզերում: 10-ամյակը լավ առիթ է ոչ միայն ամփոփելու կատարված աշխատանքը, այլեւ առաջ գնալու եւ ավելի մեծ ծրագրեր մշակելու»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: