17:25 | 02.07.19 | Նորություններ | 11799

«Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ն ամփոփեց արդյունքները

«Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը, որն անցկացվեց հունիսի 24-28-ը` ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Երեւանում եւ Վանաձորում համախմբեց շուրջ 1000 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ եւ կայացած ինժեներական ընկերություններից։

Շաբաթն առանձնացավ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական սեմինարներով, ցուցադրություններով եւ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներով։ Երեւանում եւ Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական եւ միջազգային տասնյակ կազմակերպություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները:

Կայացած մասնագիտական քննարկումները, որոնց թվում մեծամասնություն կազմեցին Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված էին ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն:

Շաբաթվա ընթացքում ստորագրվեց երեք հուշագիր։ Առաջին հուշագիրը ստորագրվեց Միավորված ազգերի կազմակերպության Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջեւ։ Դրա շրջանակում արդեն մեկնարկել են Ռուանդայի եւ Եթովպիայի հետ տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:

Երկրորդ հուշագիրը ստորագրվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի միջեւ: Հուշագիրը նախատեսում է համատեղ բարձր տեխնոլոգիական կրթական ծրագրերի իրականացում, Հայաստանում եւ Ֆրանսիայում գործող համալսարանների միջեւ համագործակցության հնարավորությունների ձեւավորում, երկու երկրների հետազոտական կենտրոնների եւ մասնավոր հատվածի միջեւ համատեղ ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլեր։

Երրորդ հուշագիրը կնքվեց «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության եւ Ինժեներական ասոցիացիայի միջեւ, որի շրջանակում կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական եւ ռուսական ընկերությունները։

Միջոցառումների շարքի կազմակերպիչ երեք կողմերը՝ ՀՀ կառավարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ Ինժեներական ասոցիացիան, արեցին առավելագույնը, որպեսզի միջոցառումների շարքն արձանագրի լավ արդյունքներ։ Արտերկրից ժամանած պոտենցիալ գործընկերների մասնակցությամբ հանդիպումներ կայացան ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։

«Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ն ամփոփվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վանաձորում հայտարարեց, որ հետամուտ են լինելու Ինժեներական շաբաթվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին բարեհաջող ընթացք տալուն:

Վանաձորյան պանելային քննարկումների շրջանակում խոսվեց Հայաստանում ճարտարագիտական ապագայի հնարավորությունների, Վանաձորի բիզնես եւ ներդրումային գրավչության մասին, ինչպես նաեւ ամփոփվեց Շաբաթը։ Զուգահեռաբար անցկացվեց նաեւ ինժեներական լուծումների ցուցահանդեսը։

Վանաձորում կայացած ինժեներական համաժողով-ցուցահանդեսի ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ավարտական վկայականներ հանձնեց երեք գործընկերների հետ իրականացրած ծրագրերի շրջանակում։ Վկայականներ ստացան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Յանդեքս Ակադեմիայի համատեղ դասընթացի եւ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի աջակցությամբ իրականացված «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» պիլոտային մագիստրոսական ծրագրի շրջանավարտները, ինչպես նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վերապատրաստված ուսուցիչները։

Շաբաթը եզրափակվեց «Բամբիռ» խմբի մասնակցությամբ ռոք համերգով՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացօթյա ամֆիթատրոնում: