ՀՀ ազգային ժողովի կողմից 2019թ. ապրիլին ընդունված եւ մայիսի 18-ից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների համաձայն, տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերությունները հարկային արտոնություններ կստանան:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղեկացրել են, որ հավաստագիր ստանալու համար մինչ օրս դիմել է շուրջ 100 ընկերություն։ Հավաստագրման հանձնաժողովի առաջին եւ երկրորդ նիստերով արտոնություն է տրամադրվել 41-ին։
Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ինժեներական, էլեկտրոնային առեւտուր, վեբ-դիզայն, մոբայլ հավելվածների ստեղծում, վճարահաշվարկային համակարգերի ստեղծում, էլեկտրոնային թեստավորում եւ այլն:
Նշված 41 ընկերությունների գործունեության արդյունքում կստեղծվի 200-240 աշխատատեղ:
«Այս օրենքը նորաստեղծ, սկսնակ ընկերություններին առաջին հերթին տալիս է հավատ, հույս եւ նաեւ եռանդ, որ կառավարությունն ամեն ինչով աջակցում է, հանձինս մեր նախարարի մեծ ջանքերի, այս ոլորտի զարգացմանը։ Սա մեկնարկային կետ է այս ընկերությունների համար, որպեսզի սկզբնական շրջանում, որը բավականին ծախսատար է, այդ հնարավորության շնորհիվ կարողանան թեւերը բացած առաջ գնալ»,- նշել է DataArt ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը:
Հարկային արտոնություն ստանալու համար դիմած ստարտափների թվում կան նաեւ հայրենադարձներ։ Նրանք հավատացած են, որ Հայաստանում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք տեխնոլոգիական ոլորտի գործարար ծրագրերը զարգացնելու, լայն գործունեություն ծավալելու հնարավորություն են տալիս։
Փոփոխությունների համաձայն` նորաստեղծ ընկերություններին հավաստագրով տրամադրվում են հետեւյալ հարկային արտոնությունները` 0% շահութահարկ եւ 10% եկամտային հարկ։ Միեւնույն ժամանակ, սահմանված են մի շարք պահանջներ ու չափորոշիչներ, ինչպես օրինակ` աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 30-ը, ընկերությունները չպետք է ստեղծվեն այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում: