15:48 | 24.06.19 | Նորություններ | 2240
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր հայտարարել է «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի մեկնարկի մասին:
«Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների պաշտոնական բացման ժամանակ նա հայտարարել է, որ «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի օգնությամբ Հայաստանում գոյություն ունեցող եւ ստեղծվող ցանկացած ընկերություն հնարավորություն է ունենալու ուղիղ կապ հաստատել աշխարհի շուկաների եւ էկոհամակարգային բաղադրիչների հետ՝ սկսած տաղանդի ներհոսքից մինչեւ նրա ստեղծածի վերջնական արդյունքի արտահանումը՝ ամբողջական շղթայի ապահովումն իրականացնելու համար։
Հակոբ Արշակյանը նաեւ անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություներին, ներկայացրել Հայաստանը դեպի բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր ուղղորդելու ճանապարհի տեսլականը:
«Հայաստանը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն։ Հայկական ստարտափները շատ մեծ ներկայություն ունեն Սիլիկոնյան հովտում եւ շատ հեշտ ու արագ են կարողանում ստեղծել կապեր, շուկաներ մտնել, քանի որ ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Սիլիկոնյան հովտում ունենք հայկական սփյուռք, եւ հայկական կապերը պետք է օգտագործել թե՛ մեծ ընկերություններում, թե՛ էկոհամակարգերում։ Այդ նպատակով ստեղծվելու են ծրագրեր, որոնց կմասնակցեն նաեւ այս տարի արդեն ստեղծված եւ զարգացող ինստիտուցիոնալ կառույցները, որոնք թույլ կտան, որպեսզի հայկական եւ ոչ միայն հայկական ընկերությունները, որոնք կցանկանան գործունեություն ծավալել Հայաստանում, օգտվեն հայկական սփյուռքի այդ կապերից»,- նշել է նախարարը:
Նախարարը ծանոթացել է նաեւ «Հայաստան - Ինժեներական շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված տեղական եւ միջազգային կազմակերպությունների արտադրանքներին, լուծումներին ու ծառայություններին: