14:53 | 20.06.19 | Նորություններ | 2344

ՀՀ նախագահը եւ «Լեոնարդո» ընկերության ղեկավարները քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությունը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար:

«Լեոնարդո» ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին են ներկայացրել ցուցադրվող իրենց արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները:

Նախագահ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել «Լեոնարդո» -ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության եւ արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

Պաշտպանության եւ անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության ու աերոտիեզերական արդյունաբերության մեջ մասնագիտացած «Լեոնարդո» ընկերությունն իր արտադրությունում լայնորեն կիրառում է բարձր տեխնոլոգիաները, ինչպես նաեւ մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության զարգացմանը:

Արմեն Սարգսյանն ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու եւ քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։