12:11 | 06.06.19 | Նորություններ | 2326
Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում, որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է $5 մլն:
Յուրաքանչյուր տարի աշխարհի ավելի քան 75 երկրի շուրջ 1800 աշակերտների համախմբող փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները պետք է ներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք անցնելու են միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում։
Այս փուլը հաղթահարած մասնակիցներն արդեն 2020թ. հնարավորություն կունենան մասնակցելու ԱՄՆ-ում անցկացվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին եւ իրենց ծրագրերով մրցել այլ երկրների ներկայացուցիչների հետ: Մրցույթի առաջին տեղը գրաված ծրագիրն արժանանում է Gordon Moore Award մրցանակին` ստանալով $75,000:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին Հայաստանի մասնակցության մասին, ընդգծել է, որ նման ծրագրերի շնորհիվ աշակերտները վաղ տարիքից սկսում են հետաքրքրվել գիտությամբ.
«Տարիներ շարունակ գիտությունը կտրված է եղել հասարակությունից, այդ իսկ պատճառով գիտական շատ հետազոտություններ չեն կիրառվել իրական կյանքում եւ չեն համապատասխանել գոյություն ունեցող պահանջներին։ Այժմ մեր նպատակն է գիտությունը վերադարձնել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր երիտասարդները վաղ տարիքից սովորեն հետազոտել ու ստեղծել նորը, եւ այս առումով Հայաստանի մասնակցությունը Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին մի մեծ քայլ առաջ է»-նշել է նախարարը։
Փառատոնի մասնակիցները մրցում են 22 բնագավառում, որոնց շարքում են մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաքիմիան, ռոբոտիկան եւ այլն: Բացի առաջին տեղը գրաված ծրագրից մրցույթում սահմանված է նաեւ երկու մրցանակ, յուրաքանչյուրը՝ $50,000 պարգեւով։ Առանձին բնագավառներում նախատեսված են նաեւ այլ մրցանակային տեղեր՝ համապատասխանաբար $3,000, $1,500, $1,000 եւ $500 պարգեւներով։
Մրցույթին մասնակցելու գործընթացի եւ չափորոշիչների մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդես կգա առանձին հայտարարությամբ։