12:48 | 27.05.19 | Նորություններ | 7889
Հունիսի 24-28-ը ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երեւանում եւ Վանաձորում կանցկացվի «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:
Շաբաթվա ընթացքում նախատեսվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա նեղ մասնագիտական սեմինարներ, ցուցադրություններ եւ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։
Շաբաթը կամփոփվի հունիսի 28- ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա Շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների եւ փորձագետների ներգրավմամբ, ինժեներական լուծումների ցուցահանդես եւ լավագույն սկսնակ ընկերությունների ներկայացումներ։
«Նմանատիպ միջոցառումները կարեւոր են, քանի որ դիրքավորում են Հայաստանը որպես բարդ եւ ամբողջական ճարտարագիտական լուծումներ առաջարկող երկիր: Հատկապես Ինժեներական քաղաքի հիմնման այս փուլում ավելի քան կարեւոր է, որ Հայաստան ժամանեն արտերկրի մասնագետներ՝ քննարկելու տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումները եւ դրանք կիրառելու հնարավորությունները: «Հայաստան-Ինժեներական շաբաթի» հեռահար նպատակներից մեկն էլ դեպի Հայաստան նոր ընկերությունների ուղղորդումն է»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
««Հայաստան-Ինժեներական շաբաթը» բարձր տեխնոլոգիական հարթակ է, որը Հայաստան կբերի ինժեներների՝ քննարկելու համաշխարհային մարտահրավերներն այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, 5G-ն, արդյունաբերական IOT-ը, արհեստական բանականությունը եւ դրանց դերը 4-րդ արդյունաբերական դարաշրջանի կառուցման ճանապարհին,»,- ընդգծել է Ինժեներական ասոցիացիայի տնօրեն Վարդան Ալեքսանյանը:
«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների գործընկերներն են՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), YEA Engineering-ը, PMI Science/Ֆիլիպ Մորիս Հայաստանը, Ինժեներական քաղաքը (EC), Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ՆԼՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC), Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները (ANEL), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը (MIC)։
Միջոցառումների պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 24-ին Երեւանում, իսկ շաբաթը կամփոփվի հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) արդեն երրորդ անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսով:
«Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ը կհամախմբի շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ եւ կայացած ինժեներական ընկերություններից։
30 տեղական եւ միջազգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները՝ շաբաթվա ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում, որոնց ակնկալվում է 1000-ից ավել այցելու:
«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: