09:09 | 23.05.19 | Նորություններ | 11575

Տիգրան Խուդավերդյանը «Յանդեքս» ընկերությունների խմբի նոր կառավարիչ տնօրենն է

Տիգրան Խուդավերդյանը նշանակվել է «Յանդեքս» ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն:

Արկադի Վոլոժը կշարունակի ղեկավարել ընկերությունների խումբը գլխավոր տնօրենի պաշտոնում, որը նա զբաղեցնում է «Յանդեքս»-ի հիմնման օրվանից:

Տիգրան Խուդավերդյանը ծնվել է Երեւանում 1981-ին: «Յանդեքս»-ում աշխատում է 2006-ի ապրիլից:

Ընկերությունում աշխատանքի ընթացքում նա ղեկավարել է մի քանի ծառայություն, այդ թվում՝ «Յանդեքս.Բրաուզեր»-ն ու «Յանդեքս.Նավիգատոր»-ը: 2015-ին նա դարձել է «Յանդեքս.Տաքսի»-ի գլխավոր տնօրենը: 2018-ին, երբ «Յանդեքս»-ն ու Uber-ը միավորեցին տաքսիների օնլայն պատվիրման իրենց բիզնեսները Ռուսաստանում եւ հարեւան երկրներում, Տիգրանը գլխավորեց նոր ընկերությունը:

«Տիգրանը շատ վաղուց է աշխատում «Յանդեքս»-ում եւ ընկերությունում հարգանք է վայելում: Շնորհիվ նրա, որ Տիգրանը կզբաղվի ընթացիկ ղեկավարությամբ, ես կկարողանամ կենտրոնանալ ավելի լայն ռազմավարական խնդիրների վրա»,- ասել է «Յանդեքս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժը:

«Տիգրանը երկար տարիներ «Յանդեքս»-ում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ: Նրա ղեկավարությամբ «Յանդեքս.Տաքսի»-ն դարձել է շուկայի առաջատար եւ հրաշալիորեն պատրաստ է հետագա կայուն աճի համար»,- նշել է «Յանդեքս»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Բոյնտոնը: