11:09 | 17.05.19 | Հոդվածներ | exclusive 83026

Պատանի հայ ծրագրավորողները այցելել են «Յանդեքս»-ի գրասենյակ

Մայիսի 14-ին «Յանդեքս»-ի Ծրագրավորման դպրոցի սաներ Գոհար Մովսիսյանը (Գյումրի) եւ Սամվել Վարդանյանը (Վանաձոր) այցելել են «Յանդեքս» ընկերության մոսկովյան գրասենյակներից մեկը: Պատանի ծրագրավորողներին ուղեկցում էր  Հայաստանում «Յանդեքս»-ի Ծրագրավորման դպրոցի մեթոդիստ Աշխեն Գրիշկյանը:

Գոհարն ու Սամվելն իրենց դպրոցներում ամենաբարձր վարկանիշներն են ցույց տվել եւ հրավիրվել Մոսկվա՝ մասնակցելու «Յանդեքս.Լիցեյ»-ի ավարտական միջոցառումներին:

Գոհար Մովսիսյանը Գոհար Մովսիսյանը
photo © Մեդիամաքս


Աշակերտները ծանոթացել են «Yandex.Taxi»-ի ու «Մեդիասերվիսներ» («Кинопоиск», «Яндекс.Музыка», «Яндекс.Афиша» и «Телепрограмма») բիզնես միավորումների գրասենյակների առանձնահատկություններին, որոնք կահավորված են openspace ձեւաչափով՝ աշխատանքային գործընթացի կազմակերպման նորագույն մոտեցումների կիրառմամբ:

Հյուրերին ողջունել է նաեւ «Yandex.Taxi»-ի միջազգային զարգացման գծով տնօրեն Մուշեղ Սահակյանը: Երեխաները պատմել են իրենց առաջին հաջողությունների մասին. Գոհարն ու Սամվելը յուրացրել են Python լեզվով արդյունաբերական ծրագրավորումը եւ այժմ բարելավում են իրենց հմտությունները՝ սովորելով ծրագրավորման այլ լեզուներ:

Գոհար Մովսիսյանը, Աշխեն Գրիշկյանը, Մուշեղ Սահակյանը, Սամվել Վարդանյանը Գոհար Մովսիսյանը, Աշխեն Գրիշկյանը, Մուշեղ Սահակյանը, Սամվել Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Վանաձորում «Յանդեքս»-ի Ծրագրավորման դպրոցը բացվել էր 2017 թվականի հունվարին, իսկ Գյումրիում այն իր գործունեությունը սկսել է 2017 թվականի հոկտեմբերին: Դասընթացները նախատեսված են 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք հետաքրքրվում են մաթեմատիկայով եւ տեղեկատվական տեխնոլոգիաներով:

Սամվել Վարդանյանը Սամվել Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Աշխեն Գրիշկյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ «Յանդեքս»-ի մշակած դասընթացը շատ պահանջված է 9-11-րդ դասարանների աշակերտների կողմից: Վանաձորում 2018թ. աշնանը Ծրագրավորման դպրոց են ընդունվել 170 դիմորդներից 42-ը, որոնցից 40-ը կստանան ավարտական վկայագրեր: Գյումրիում 116 դիմորդներից ընտրվել են 30 աշակերտներ, որոնցից 27-ը կստանան վկայագրեր:

Գոհար Մովսիսյանը, Աշխեն Գրիշկյանն ու Սամվել Վարդանյանը Գոհար Մովսիսյանը, Աշխեն Գրիշկյանն ու Սամվել Վարդանյանը
photo © Մեդիամաքս


«Նախորդ ուսումնաշրջանի երկու շրջանավարտներ փորձաշրջան են անցնում ՏՏ ընկերությունում, եւս մեկ շրջանավարտ զբաղվում է VR խաղերի մշակմամբ: Դպրոցը հիանալի հնարավորություն է ընձեռում՝ տեղեկատվական տեխնոլոգիաները յուրացնելու եւ երիտասարդ տարիքում ծրագրավորողի կարիերա սկսելու համար»,- ասել է Աշխեն Գրիշկյանը:

Սոնա Միրզոյան (Մոսկվա)՝ հատուկ Itel.am-ի համար