16:40 | 10.05.19 | Նորություններ | 8605
Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ կենտրոնը մայիսի 10-ին ազդարարել է Beeline-ի աջակցությամբ իրականացվող «ԴիզայնԼաբ. Աթոռներ» ծրագրի մեկնարկը:
11 տարեկանից բարձր դպրոցականների եւ նրանց ընտանիքների համար նախատեսված այս ծրագրի նպատակն է խթանել մասնակիցների ստեղծագործական մտածողությունը, զարգացնել դիզայներական հմտությունները եւ նրանց ծանոթացնել կիրառական արվեստի հիմնական առանձնահատկություններին:
Որպես կիրառական արվեստի նմուշ՝ ընտրվել է ամենագործածական կենցաղային իրերից մեկը՝ աթոռը: Ծրագրի մասնակիցները նախ կուսումնասիրեն ԳԱԿ Շարժասանդուղքների սրահում ցուցադրված յուրօրինակ աթոռները «Ջերարդ Լ. Գաֆէսճեան» հավաքածուից, որից հետո երիտասարդ դիզայներների օգնությամբ ԳԱԿ Ստեղծագործական սրահում կպատկերեն իրենց սեփական դիզայներական աթոռը:
«Կարեւորելով թանգարանային կրթության նշանակությունը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր տասնամյա գործունեության ընթացքում բազմաթիվ կրթական ծրագրեր է իրականացրել: Ուրախ ենք, որ մեր շարունակական կրթական ծրագրերի ցանկը համալրվեց եւս մեկով: Հատկանշական է, որ «ԴիզայնԼաբ. Աթոռներ» ծրագրին կարող են գրանցվել ոչ միայն դեռահասները, այլեւ նրանց ընտանիքները: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր վաղեմի գործընկերոջը՝ Beeline-ին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Մենք միշտ բարձր ենք գնահատում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախագծերը: Կարծում եմ՝ դրանք կրթության ժամանակակից մոտեցումների կիրառման շատ լավ օրինակներ են եւ մեր երիտասարդներին մեծ հնարավորություններ են տալիս՝ զարգանալու եւ արվեստի ոլորտում առաջ գնալու հարցում։ Շատ ուրախ ենք մասնակցել նման նախաձեռնություններին եւ մեր պայծառ երիտասարդությանը ստեղծագործելու հնարավորություն տալ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր: