16:47 | 03.05.19 | Նորություններ | 4691
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) պատվիրակությունը ապրիլի 30-ին, Սան Ֆրանցիսկո կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Սան Խոսեի պետական համալսարան:
Այցի նպատակն էր զարգացնել ՁԻՀ-ի եւ Սան Խոսեի պետական համալսարանի միջեւ բիզնես համագործակցությունը:
ԵՊՀ եւ Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները ներկայում աշխատում են համատեղ մագիստրոսական ծրագրի մշակման ուղղությամբ, որտեղ առանցքային կլինեն Սան Խոսեի համալսարանի կողմից համակարգվող մագիստրոսական ծրագրերը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ 6 ամսվա ինտենսիվ ջանքերի շնորհիվ համատեղ աշխատանքի առաջին շրջափուլն ավարտված է, եւ ԵՊՀ-ի մագիստրոսական ծրագրի դասացուցակն ամբողջովին համապատասխանում է Սան Խոսեի պետական համալսարանի պահանջներին:
«Այժմ քննարկում ենք Սան Խոսեի պետական համալսարան մեր ուսանողների եւ դասախոսների մշտական այցելությունների կազմակերպման, ինչպես նաեւ Սան Խոսեի համալսարանից դասախոսներ եւ ուսանողներ Հայաստան բերելու ծրագիրը»,- նշել է նա:
Համագործակցության շրջանակում, սեպտեմբերին ԵՊՀ-ի համատեղ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիր ընդունված ուսանողները կստանան յուրահատուկ հնարավորություն՝ մեկ տարի անցկացնել Սան Խոսեի պետական համալսարանում եւ ստանալ համալսարանի դիպլոմ:
Այս օրերին Սան Խոսեի պետական համալսարանում է Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ) եւ ԵՊՀ-ի համատեղ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 5 ուսանողներից եւ 2 դասախոսներից կազմված խումբը՝ ամերիկացի դասախոսների հետ մագիստրոսական թեզերը, ինչպես նաեւ հետազոտական համագործակցության հետագա հնարավորությունները քննարկելու նպատակով: Ուսանողները մասնակցել են «Տվյալների վերլուծություն» սեմինարին, որը վարել են խոսնակներ Intel եւ Microsoft ընկերություններից:
ISTC-ի պատվիրակությանը ընկերությունում հյուրընկալել է նաեւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Ուսանողները Սան Խոսեի պետական համալսարանում ներկայացրել են իրենց ավարտական թեզերը եւ ստացել խորհրդատվություն՝ դրանց բարելավման եւ վերջնական տեսքի բերելու ուղղությամբ: Ուսանողները կմասնակցեն նաեւ տվյալագիտությանը նվիրված վորքշոփերի եւ միջոցառումների: