16:26 | 09.04.19 | Նորություններ | 9397
Հայաստանում Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի իրականացման մասին։
Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացն աշակերտների թվային հմտությունների միջոցով առավել ինտերակտիվ, հետաքրքիր եւ արդյունավետ դարձնելուն:
Նախագիծն առավել արդյունավետ իրականացնելու համար այն անցկացվում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ, եւ նախագծի մեկնարկի հայտարարմանը ներկա էր ՀՀ ԿԳՆ նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։
Ծրագիրը թիրախավորելու է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի եւ Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 150 աշակերտների՝ նրանց դասերից հետո ուսուցանելով թվային հմտություններ՝ կրթական գործընթացն առավել հեշտ ու արդյունավետ կազմակերպելու համար:
«Մենք որպես ժամանակակից տեխնոլոգիաների հետ անմիջապես կապ ունեցող ընկերություն ցանկանում ենք, որ այդ տեխնոլոգիաները հասանելի լինեն բոլորի համար, չէ՞ որ դրանք ստեղծված են մարդկանց կյանքը հեշտացնելու եւ բարելավելու համար։ Վստահ եմ, որ այս ծրագրի արդյունքում մեր դպրոցականները կսովորեն ժամանակակից տեխնոլոգիաները ծառայեցնել իրենց ուսման եւ աշխատանքի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:
«Ուրախ ենք Beeline-ի հետ մեկնարկել եւս մեկ հետաքրքիր եւ ուսուցողական ծրագիր, որը հնարավորություն կտա նոր տեխնոլոգիաների եւ թվային հմտությունների գործածությունն ուղղել դպրոց՝ աջակցելու կրթական գործընթացի կազմակերպմանը: Այսօր կարեւոր է, որ աշակերտները հեռախոսներն ու համակարգիչներն օգտագործեն ավելի արդյունավետ նպատակով՝ օգտվեն այն հարթակներից ու սովորեն այնպիսի թվային հմտություններ, որոնք օգտակար կլինեն ոչ միայն դպրոցում, այլեւ ինքնազարգացման այլ օղակներում: Սա այն ծրագրերից է, որոնց երկարաժամկետ արդյունքը աշակերտների կրթական գործընթացում շոշափելի փոփոխություն մտցնելն է»,- հավելել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաեւ ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում եւ այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում: