18:03 | 08.04.19 | Նորություններ | 9268
Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ կենտրոնն ապրիլի 6-ին Դիլիջանի արվեստի փառատոնի շրջանակներում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը կտեւի մինչեւ ապրիլի 13-ը:
Դիլիջանի արվեստի փառատոնը հիմնադրվել է 2018 թ. Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Դիլիջան) ուսանողների կողմից: Փառատոնի նպատակն է արվեստի բնագավառի տարբեր միջոցառումների շուրջ համախմբել արվեստասեր երիտասարդներին եւ այդպիսով ստեղծել մշակութային ցանց:
ԳԱԿ-ը փառատոնի շրջանակներում ներկայացել է Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ, որը տեղի էր ունեցել դեռեւս 2018թ. փետրվար-հունիս ամիսներին: Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին եւ նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:
«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական եւ ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այդ նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ Դիլիջանի արվեստի փառատոնում, որը կարեւոր իրադարձություն է արվեստի բնագավառում: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաեւ հայտնում UWC Դիլիջանի միջազգային դպրոցին՝ մեզ այս հրաշալի միջոցառմանը մասնակից դարձնելու համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Ստեղծագործ, ակտիվ եւ նախաձեռնող երիտասարդները մեր երկրի ապագան են, եւ մենք միշտ ուրախ ենք աջակից լինել նրանց։ Հիանալի է, որ տաղանդավոր երիտասարդների համար նման հարթակներ են ստեղծվում, նրանց հնարավորություն տալով առաջ գնալ եւ զարգանալ ընտրած բնագավառում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: