17:46 | 05.04.19 | Նորություններ | 7350
Ապրիլի 4-ին ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում բացվել է «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի համար նախատեսված համակարգչային ուսումնական լաբորատորիան:
Նորաբաց լաբորատորիան Webb Fontaine եւ 2Hz ընկերությունների աջակցությամբ համալրվել է GPU-ներով հագեցած 12 համակարգչով:
«Այս համակարգիչներն ունեն այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս աշխատել մեծ տվյալների հետ: Լաբորատորիան նպաստելու է «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսուցման արդյունավետությանը: Այժմ վերոնշյալ մագիստրոսական ծրագիրն ունի 9 ուսանող»,- տեղեկացրել է «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանը:
Նա հավելել է, որ մագիստրոսական ծրագիրն համակարգչային ուսումնական լաբորատորիայի կարիքն իսկապես ուներ, քանի որ վերջինս ուսանողներին հնարավորություն կտա կիրառել տեսական գիտելիքները, ինչպես նաեւ դասերից հետո աշխատել տարբեր նախագծերի վրա:
Webb Fontaine ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործառնական մենեջեր Սերոբ Սերոբը նշել է, որ ընկերության աջակցությունը լաբորատորիայի բացմանը կազմել է 15 մլն դրամ՝ տրամադրել են 8 համակարգիչ, ինչպես նաեւ լսարանում տեղադրել են տաքացման եւ հովացման համակարգ:
«Արդեն տեւական ժամանակ լինելով ոլորտում, ականատեսն ենք, որ կրթական հաստատությունների եւ ոլորտի միջեւ անդունդ կա: Ներկայում մեր ընկերությունն ունի կադրերի պակաս: Միեւնույն ժամանակ, տեսնում ենք, որ չկա որակյալ գիտություն, որը կարող է համապատասխանել այս ոլորտի ժամանակակից միտումներին: Կան տեսական գիտելիքներ, սակայն, ցավոք, կիրառական գիտելիքները պակասում են: Սա այն ծրագիրն է, որը կնպաստի, որ այդ անդունդը վերանա: Շատ ոգեւորված ենք»,- նշել է նա:
Webb Fontaine-ի ներկայացուցչի խոսքով, առաջիկայում ընկերության աշխատակիցները կդասախոսեն մագիստրոսական ծրագրի շրջանակում:
«Նաեւ ցանկանում ենք, որ ուսանողները գան մեր ընկերություն եւ ինտերնշիփերի մասնակցեն, ինչպես նաեւ իրենց ավարտական աշխատանքները, որոնք կարող են լուծել այսօր առկա մարտահրավերները, պատրաստեն մեր մասնագետների օգնությամբ»,- նշել է նա:
Լաբորատորիայի բացման արարողության շրջանակում մագիստրոսական ծրագրում ներգրավված 9 ուսանողից լավագույն առաջադիմություն ունեցող 4-ը 1 տարով կրթաթոշակներ են ստացել՝ ուսման վարձի 50-75 տոկոսի չափով: Կրթաթոշակներն ուսանողներին տրամադրել են ՏՏ ոլորտի տեղական 4 ընկերություններ:
«Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ԵՊՀ-ում գործում է 2018-2019 ուստարվանից: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ում գործող IBM ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ: