Արեւմտահայերեն Վիքիպեդիան արդեն իր առանձին հարթակն ունի Վիքիպեդիաների ցանկում՝ hyw.wikipedia.org հղմամբ։
2014թ.-ից վեր Արեւմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու գաղափարի շուրջ համախմբվել էին 150-ից ավել կամավոր խմբագիրներ, որոնք պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացներին։ Այսօր արդեն առկա են 7500-ից ավել արեւմտահայերեն հոդվածներ, որոնք տեղակայված են Արեւելահայերեն Վիքիպեդիայում եւ շուտով կտեղափոխվեն Արեւմտահայերեն Վիքիպեդիա։
Արեւմտահայերեն Վիքիպեդիայի՝ որպես առանձին հանրագիտարան դառնալու ջանքերին են նպաստել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը, որոնք անցնող տարիներին աջակցել են Արեւմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծմանը եւ հովանավորել նախագծի միջոցառումները։
Արեւմտահայերեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի նպատակը եղել եւ մնում է բազմատեսակ որակյալ հոդվածների ստեղծումը եւ դրանով իսկ արեւմտահայերեն բովանդակության շրջանառության մեջ կարեւոր ներդրում ունենալը։
«Շնորհավորում ենք Արեւմտահայերեն Վիքիպեդիայի համայնքին եւ արեւմտահայերեն խոսող մեր հայրենակիցներին: Սա արեւմտահայերենին վերածնունդ տալու նշանակալի քայլ է, հզոր հնարավորություն է արեւմտահայերենը պահպանելու եւ զարգացնելու որպես գիտելիք ստեղծելու եւ ստանալու լեզու»,- ասել է Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը:
«Վիքիպեդիան կարեւոր հարթակ է, որտեղ արեւմտահայերենը կարելի է գործածել զանազան ձեւերով՝ կարդալով, խնբագրելով, բարելավելով եւ ստեղծելով արեւմտահայերեն հոդվածներ: Ուրախ ենք, որ մեր աջակցությունը արդյունավետ հիմքերի վրա է։ Հույս ունենք, որ լեզվին տիրապետող բոլոր անհատներն այս առիթը կօգտագործեն համացանցում արեւմտահայերեն բովանդակությունը զարգացնելու համար»,- ասել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Ռազմիկ Փանոսյանը:
Արեւմտահայերեն Վիքիպեդիան առանձին ISO 639-3 լեզվական կոդը ստացել է 2018թ. հունվարի 30-ին SIL International-ի կողմից: Լեզվական կոդի առկայությունը հնարավորություն տվեց ստեղծել Արեւմտահայերեն Վիքիպեդիան, ինչպես նաեւ այն կարող է խթանել համացանցում արեւմտահայերենով տարբեր ծրագրեր (սրբագրիչ, փոխադրիչ, թարգմանիչ) մշակելու աշխատանքները։