10:59 | 05.04.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 17951

Armenia Startup Academy-ի շրջանավարտները. EasyDMARC

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:

EasyDMARC ստարտափի մշակած լուծումը կանխարգելում է էլ. նամակների միջոցով կատարվող հաքերային հարձակումները: Վերջին 3 ամիսների ընթացքում EasyDMARC-ի ծառայություններից օգտվել են 137 երկրներում:

Ընկերության հիմնադիրներն են Ավագ Առաքելյանը եւ Գերասիմ Հովհաննիսյանը, իսկ թիմում աշխատում է 6 հոգի:

Թիրախում փոքր եւ միջին այն կազմակերպություններն են, որոնք ամսական ավելի քան 10,000 էլ. նամակ են ուղարկում` օգտագործելով էլեկտրոնային տարբեր միջոցներ:

Գերասիմ Հովհաննիսյանի խոսքով, EasyDMARC-ն առանձնանում է իր խելացի հուշումների համակարգով, որը հնարավորություն է տալիս հաճախորդին առանց ռիսկերի վերափոխելու իր սեփական էլ.նամակագրության համակարգը` դարձնելով այն անվտանգ:

Թիմը կարեւորում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը:

«Ծրագրի ընթացքում շատ հարցերի պատասխաններ ստացանք, ձեւավորվեց բիզնես տեսլական, շատ կարեւոր կապեր ձեռք բերեցինք, բայց առանձնահատուկ նշանակություն ունեցավ թիրախային շուկայի հստակեցումը, բիզնես մոդելի կառուցումը, որի արդյունքում ամսական 30%-ի աճ ենք գրանցում»,- նշել է նա:

Առաջիկա մեկ տարում ստարտափը նախատեսում է 20 անգամ մեծացնել սեփական ծառայության ծածկույթը եւ ավելի կատարելագործել ինտեգրացիոն համակարգը:

«Արդյունքում կունենանք մեկ գործողությամբ գործարկվող ծառայություն: Նպատակ ունենք առավելագույնս պարզեցնել անվտանգության համակարգերի ներդրման եւ գործարկման փուլերը` հաճախորդներին տրամադրելով առանց ռիսկերի արագ
ներդրվող լուծում»,- հավելել է Ավագ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ EasyDMARC-ն 2018թ. նոյեմբերին ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) հաղթողներից է: