11:29 | 04.04.19 | Նորություններ | 3316
Ապրիլի 3-ին պաշտոնական այցելությամբ Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիայի եւ նախարարության ներկայացուցիչների հետ։
Զոհրաբ Մնացականյանը եւ Գետահուն Մեկուրիան մտքեր փոխանակեցին երկու երկրների միջեւ նորարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ:
«Մենք Եթովպիա ենք եկել շատ հստակ օրակարգով՝ ընդլայնելու, ամրապնդելու մեր երկու ազգերի միջեւ հարաբերությունները, որոնք շատ լավ են ճանաչում միմյանց եւ ունեն շատ ամուր պատմական կապեր: Եվ մենք հավատացած ենք, որ այս խորն արմատներ ունեցող բարեկամության հիման վրա կարող ենք կառուցել շատ ամուր հարաբերություններ երկու պետությունների, երկու ժողովուրդների միջեւ: Դուք նշեցիք բարձր տեխնոլոգիաները որպես տնտեսական զարգացման հիմնական եւ կարեւոր խթան. մենք նույնպես լիովին կիսում ենք այդ տեսլականը մեր երկրի զարգացման օրակարգում եւ հավատացած ենք, որ ներկայումս խելացի զարգացումը ամուր եւ կայուն զարգացման հիմքն է»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:
Զրուցակիցներն անդրադարձել են ստեղծագործ կրթության եւ թվային օրակարգի շրջանակում Հայաստանում կիրառվող փորձին եւ արձանագրված հաջողություններին՝ ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի եւ Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի (ANEL)՝ շեշտելով այդ ոլորտներում փորձի փոխանակման համար համատեղ ծրագրերի նախաձեռնման անհրաժեշտությունը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը հնարավորություն է ընձեռում առարկայական մտքերի փոխանակում իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության եւ էլեկտրոնային կառավարման ոլորտներում եթովպական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարների եւ հնարավորությունների շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ հույս հայտնելով, որ եթովպական կողմը կդիտարկի այդ միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը:
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հուշագիր է ստորագրել Ադիս-Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ: Հուշագիրը նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձեւ համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում:
ԱՏՁՄ ներկայացուցիչը հայտնել է, որ միության վերջին հինգ տարիների ընթացքում այն մի քանի փոխադարձ այց էր կազմակերպել երկու երկրների միջեւ՝ կրթական, գիտական եւ պաշտպանական ուղղություններով համագործակցության նպատակով: Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել Եթովպիայի ՏՏ նախարարության հետ՝ Եթովպիայի հիսուն դպրոցներում Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների տեղադրման ուղղությամբ:
IUnetworks ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լեւոն Բաբայանն էլ ներկայացրել է Եթովպիայի հետ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները՝ մատնանշելով այդ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները եւ թափանցիկությունը: