11:40 | 29.03.19 | Նորություններ | 2043

2018թ. հայ օգտատերերի 15,7%-ը ֆիշինգի զոհ է դարձել

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալների համաձայն, Հայաստանի օգտատերերի 15,7%-ն 2018թ. բախվել է ֆիշինգի:

Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 16,5%, իսկ Ադրբեջանում՝ 13,8%։

«2018թ. հերթական անգամ ցույց տվեց, որ չարագործները շարունակում են ուշադիր հետեւել նորություններին եւ դրանք օգտագործել իրենց նպատակներին հասնելու համար։ Մենք տեսնում ենք կրիպտոարժույթների հետ կապված ռեսուրսների վրա ֆիշինգային գրոհների աճ, եւ սպասում, որ այս տարի չարագործները կշարունակեն հնարել նոր սխեմաներ. չնայած փոխարժեքների անկմանը եւ, ընդհանուր առմամբ, կրիտոարժույթների շուկայում դիտվող դժվար ժամանակներին, ֆիշերները եւ սպամերները ձգտում են այդ թեմայից քամել առավելագույնը»,- նշել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ում:

Խարդախներին ինքնուրույն փող փոխանցելու քայլին զոհին դրդելու եւս մեկ տարածված եղանակ են դարձել վիճակախաղով երաշխավորված շահումի կամ հարցում անցնելու համար պարգեւատրման խոստումները։ 2018թ. «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումներն արգելափակել են նման խարդախ կայքեր անցնելու ավելի քան երեք միլիոն փորձեր։ Ե՛վ վիճակախաղերի, եւ՛ հարցումների պարագայում սխեման գրեթե նույն է. սկզբում օգտատիրոջը խնդրում են փոխանցել ոչ մեծ գումար (կոմիսիոն վճարի, անդորրագրի մշակման եւ այլնի համար), իսկ դրանից հետո արդեն պարգեւատրում են խոստանում։ Ընդ որում, վիճակախաղի պարագայում զոհին դրդում են հնարավորինս շատ վճարել՝ բացատրելով, թե որքան մեծ է վճարը, այնքան իբր ավելի շատ փող կստանա օգտատերը։

Բացի թեժ թեմաների շահագործումից, չարագործները 2018թ. ընթացքում շարունակել են ներգրավել ֆիշինգային եւ սպամ-բովանդակության տարածման նոր խողովակներ։ Նրանք ոչ միայն դուրս են գալիս փոստային առաքումների շրջանակից, այլեւ ակտիվորեն ներգրավում են օգտատերերին վնասաբեր հաղորդագրությունների տարածման մեջ։ Այսպես, անցյալ տարի «Կասպերսկի Լաբորատորիա»-ն գրանցել է «ինքնատարածվող» ֆիշինգ՝ մեսենջերներում եւ սոցիալական ցանցերում (առավելապես WhatsApp-ում ) ամենազանգվածային գրոհներից մեկը։ Չարագործներն օգտատերերին ավանդաբար խոստացել են անվճար շահավետ առաջարկներ կամ գոյություն չունեցող վիճակախաղեր՝ պայմանով, որ նրանք հաղորդագրությունը կուղարկեն իրենց ընկերներին կամ կհրապարակեն սոցիալական ցանցի իրենց էջում։

Ֆիշինգի զոհ չդառնալու համար հարկավոր է՝

- Միշտ ստուգել նամակն ուղարկողի հասցեի եւ դրա պարունակած հղման իսկությունը եւ կասկածների դեպքում չբացել։ Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտնվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որեւէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, անհրաժեշտ է անհապաղ փոխել այն։

- Օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարեւոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ): Պետք է հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։

- Օգտագործել հակաֆիշնգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծումներ: