14:02 | 27.03.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 197962
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:
IMPEL ստարտափը զբաղվում է բժշկական միջավայրի եւ ծրագրային փաթեթի ստեղծմամբ, որն իրականացնում է սրտի աշխատանքի իրական ժամանակում մշտադիտարկում եւ կարեւոր ազդանշանների չափում` մեծ ճշգրտությամբ։
Ստարտափի համահիմնադիրներն են Արամ Բաղիյանը եւ Իգոր Բախտիկյանը։ Արամ Բաղիյանի խոսքով, IMPEL-ը Improvised Engineering for Life-ի կրճատ տարբերակն է։
«Մեր մշակած ալգորիթմները եւ մոտեցումներն ապահովում են առկա լավագույն լուծումների համեմատ ավելի բարձր ճշգրտություն, իսկ մեր մշակած բժշկական թվային միջավայրը թույլ է տալիս ավտոմատացնել եւ զուգահեռացնել մի շարք գործողություններ: Կրճատելով բժշկի կողմից մեկ հիվանդի դիտարկման ժամանակը, այն ապահովում է նաեւ հավելյալ ծրագրային գործիքներ բժիշկների համար»,- նշել է նա։
IMPEL-ի օգտագործողները սրտանոթային հիվանդություններով տառապող մարդիկ են, սակայն ստարտափի մշակումներն ուղղված են բժշկական կազմակերպություններին եւ բժշկական շարժական սարքավորումներ արտադրողներին։
Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը ստարտափին հնարավորություն է տվել բիզնես տեսանկյունից դիտարկել ստարտափի խնդիրները։
«Լինելով ինժեներ՝ մենք լուծումները դիտարկում էինք դրանց տեխնիկական կատարելության եւ մատուցվող հնարավորությունների տեսանկյունից։ Այս ծրագրին մասնակցելով մենք սկսեցինք ուշադրությունն առավելապես սեւեռել օգտագործողի եւ մարդկանց կարիքների վրա, ինչը շատ դրական փորձ եմ համարում»,- նշել է նա:
Առաջիկա մեկ տարում ստարտափը ծրագրում է գրանցել ընկերությունը ԱՄՆ-ում եւ պատենտավորել տեխնոլոգիան, ավարտել ալգորիթմների ուսուցումը եւ թեստավորումը, ինչպես նաեւ դիմել ԱՄՆ FDA կազմակերպությանը՝ ստարտափի մշակումները բժշկական ստանդարտների համապատասխանությանը հաստատելու համար։
Նարինե Դանեղյան